Շենքի կտուրին ոչ թե դեպի քաղաք դիտարան է, այլ հրդեհը հսկելու դիտակետ
Համացանցում այսօր քննարկում էին Աբովյան-Կորյուն խաչմերուկում շենքի կտուրին գտնվող շինության հարցը:
«Ժողովուրդ, մի հատ թեմայից դուրս հարց ունեմ, սա Աբովյան-Կորյուն խաչմերուկն է: Կարո՞ղ է ինչ-որ մեկն իմանա՝ էս ի՞նչ ա: Դիտարան է՝ դեպի քաղաք, տեսարժան վայր, թե՞ 4 հարկանի շենքի 5-րդ հարկը»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արթուր Գյաջունցը:
Երևանի քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ սա նոր բան չէ, այդ շենքի տարիքին է, հրդեհային դիտահսկման կետ է:
Մարդիկ պատմում են, որ տարիներ առաջ այստեղ շուրջօրյա հերթապահություն է իրականացվել, հրդեհները կամ այլ արտակարգ պատահարներն այս դիտակետից են վերահսկել: Բայց այսօր դիտակետը ընդարձակվել ու ճաղապատվել է: Թերևս, դա էր պատճառը, որ ֆեյսբուքյան ակտիվ քննարկմանը մասնակցած օգտատերերը տպավորություն էին ստացել, թե Աբովյան-Կորյուն խաչմերուկում շենքի կտուրին կառույցն իսկական տեսարժան վայր է դարձել: