«Ագրեսիվ և ակնհայտ ապօրինություն գործող ոստիկանները նաև ֆինանսավորվում են որոշ օլիգարխների կողմից». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ, ոստիկանությունը բռնի և անհամաչափ ուժ է կիրառում անհնազանդության ակցիաների, դիմադրության շարժման մասնակիցների՝  պատգամավորների, քաղաքացիների նկատմամբ: Նրա խոսքով՝ իշխանությունները հատում են բոլոր կարմիր գծերը, ինչը մի քանի պատճառ ունի:

«Ամեն երեկո դուք տեսնում եք ՔՊ-ական պատգամավորների հորդորները, կոչը և սպառնալիքը ոստիկանությանը: Սկսել են սպառնալ: Այսինքն, մեկ շողոքորթում են, մեկ՝ սպառնում, զուգահեռ՝ նաև պարգևավճար տալիս: Հայտնի է, որ երեկ ոստիկանության ողջ համակարգը պարգևավճար է ստացել: Տեղեկություն կա, որ ագրեսիվները և ակնհայտ ապօրինություն գործողները նաև այլ տեղերից՝ որոշ օլիգարխների կողմից են ֆինանսավորվում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Սաղաթելյանը՝ նշելով, որ նրանք անպատիժ չեն մնալու:

«Եթե իրենց Նիկոլը կամ ինչ-որ օլիգարխ երաշխիք է տվել՝ արեք, ինչ ուզում եք, և դուք դրա համար պատասխանատվություն չեք կրելու, ես իրենց վստահեցնում եմ՝ խաբել են:

Պատասխանատվություն կրելու են, բոլորը հատ-հատ ֆիքսվում են: Ի՞նչ է նշանակում՝ մայթերից, այգիներից քաղաքացիներին հավաքել, սա նշանակում է, որ գլխավոր դերակատար անձը հոգեվարքի մեջ է, և ամեն ինչ անելու է, որպեսզի ոստիկանությանը ներքաշի ապօրինի գործողությունների մեջ, որովհետև իր միակ հենարանն այս երկրում մնացել է ոստիկանությունը: Ես էլ իրենց վստահեցնում եմ՝ երկար չեն կարող»,- զգուշացրել է ԱԺ փոխխոսնակը և հավելել, որ ոստիկաններին ֆինանսավորող օլիգարխները հայտնի են, մեկ անգամ չէ, որ խոսել է նրանց մասին:

«Ես խոսքով և կոչով դիմել եմ՝ դադարեցրեք ֆինանսավորել էս դավաճանին, դադարեցրեք ֆինանսավորել ֆեյքերի ֆաբրիկաները: Բոլորի տեղը հատ-հատ գիտենք: Մնացել է ինքը, մի քանի վերջացած մարդ, որ իր կյանքն այլ կերպ չի պատկերացնում, և ոստիկանությունը»,- շեշտել է Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ երկրում առկա է երկիշխանություն, որը ինչ-որ փուլում պիտի դառնա ամբողջական ժողովրդի իշխանություն, և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:

 

Տեսանյութեր

Լրահոս