«Պետությունների անկումը սկսվում է տարածքների կորստից․ մեզ մոտ հենց դա է հիմա կատարվում». քննարկում՝ գեներալների մասնակցությամբ
Ֆրանսիայի հրապարակում այսօր անվտանգության թեմայով մասնագիտական քննարկում էր կազմակերպվել՝ պաշտոնաթող գեներալների, ռազմական ոլորտի մասնագետների մասնակցությամբ:
ԶՈՒ վերաբերյալ տեղեկատվական ամբողջ համակարգը կենցաղային մակարդակի է հասցվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով զինված ուժերում կադրային փոփոխություններին, նշել է, որ զորային կառույցը քաղաքականացվել է, որպեսզի հետագայում քաղաքական ճնշումների ներքո այն ենթարկվի այսօրվա իշխանություններին:
Երկրորդ՝ տեղի են ունեցել կազմակերպչական բնույթի փոփոխություններ, որոնք ազդել են ԶՈւ կառուցվածքային գործունեության, զարգացման, վերազինման պետական ծրագրերի իրականացման վրա, երրորդ՝ հարված է հասցվել բանակում կարգապահությանը։
«Զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվական ամբողջ համակարգը, գործընթացը կենցաղային մակարդակի է հասցվել: Եվ այս ամենը զուգորդվելով իշխանությունների՝ իրավիճակային, ռազմաքաղաքական իրադրության գնահատման ոչ ադեկվատ պահվածքով, հանգեցրել է պատերազմական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում ոչ ճիշտ որոշումների ընդունման»,- շարունակել է Սեյրան Օհանյանը:
Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, պետք է վերանայել պաշտպանական ռազմավարությունը և դրա արդյունքում կազմել բարեփոխումների հայեցակարգ:
«ԶՈւ-ն ի վիճակի է կատարել հակառակորդի գործողություններին հակազդելու առաջադրանքները, անհրաժեշտ է միայն պետության աջակցությունը: Վերջապես, անհրաժեշտ է վերազինման և ժամանակակից ռազմական տեխնիկայի ձեռքբերման ծրագիր իրականացնել։ Այս ամենը կարելի է 4-5 տարում արագ կյանքի կոչել»,- շեշտել է պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը:
Պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանապարհով. Քաղաքականության ընթացքից է կախված պատերազմի ընթացքը
Ըստ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի, պետք է պատասխանել մի քանի կարևոր հարցի՝ ի՞նչ անել, ի՞նչ ենք ուզում անել, ինչո՞վ և ումո՞վ անել, ինչպե՞ս անել:
«Ի՞նչ անել հարցը ինչպե՞ս է դրվել քաղաքական իշխանության կողմից: Կարծես թե մշակվել է ռազմավարություն: Բայց ինչպիսի՞ն այն կարող է լինել առանց այն իրականացնող սուբյեկտների կարծիքը հաշվի առնելու։ Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր դա արել են, դրա մասնագետները չեն, վերցվել է ինչ-որ մոդել, որը հնարավոր չէ կիրառել մեր երկրում՝ առանց տարածաշրջանային առանձնահատկությունները հաշվի առնելու»,- ասել է գեներալ Խաչատրյանը՝ հավելելով, որ պատերազմի արդյունքում իրադրության փոփոխությունից հետո ըստ ուղղությունների խնդիրներ առաջադրված եղել են, և որոշակի տեղերում դա լավ է կազմակերպվել, որոշ տեղերում, ապահովման հարցերի հետ կապված, թերություններ են եղել:
«Այն տեղերում, որտեղ առաջադրանքների կազմակերպումը կազմակերպված է եղել, որևէ խնդիր չենք ունեցել, իսկ որտեղ այդ հարցերին մատների արանքով են նայել, կամ այլ թելադրանքներից ելնելով, ճիշտ չի իրականացվել, եղել են խնդիրներ: Մյուս կողմից, ասում ենք՝ պատերազմը ԶՈՒ խնդիրն է, բայց պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանապարհով, քաղաքականությունը ինչպես իր ընթացքը վերցնում է, այնպես էլ պատերազմը վարող ուժերն են իրենց ընթացքը տանում: Զինված ուժերի դերակատարումը պատերազմում 12-15 տոկոս է: Ուստի սխալ է վերլուծել ԶՈւ-ն՝ առանց ամբողջ կառավարման համակարգը հաշվի առնելու։ Բանակը պատրաստ է այսօր կատարել իր վրա դրված խնդիրները»,- շարունակել է Տիրան Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօրվա իրավիճակում լայնածավալ պատերազմի մեջ մտնելն անհեթեթություն է:
«Բայց առանձին ուղղություններում ջանքերի կենտրոնացմամբ, որ մենք կարող ենք խնդիր կատարել, դա ապացուցված է, այդ թվում՝ անցած տարի նոյեմբերին Սյունիքում, բայց դրանից հետո կանգնել զորքին ասել՝ պետք չի պատասխան տալ և այլն, դրանից հետո ի՞նչ կարելի է սպասել: Եթե լինի կազմակերպված և բանիմաց ղեկավարություն, կունենանք կարող ուժեր դրանք իրականացնելու համար»,- եզրափակել է ԳՇ պետի նախկին տեղակալը:
Պետությունների անկումը սկսվում է տարածքների կորստից․ մեզ մոտ հենց դա է հիմա կատարվում
ԶՈւ ինժեներական զորքերի նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանն իր խոսքում նշել է, որ գործնականում բանակում ոչ մի բարեփոխում չի տեսնում, այն է՝ պետական կառավարման մարմինների կողմից համակարգված համատեղ քայլեր: Բարեփոխումը, ըստ նրա, դա նոր սպառազինության գնումը չէ, ավելին, դա կարող է լինել ընդամենը կորցրածի վերականգնում, ոչ թե զարգացում:
«Մեր զինված ուժերի ապագա ուրվագիծը մեզ համար հայտնի չէ»,- ընդգծել է նա՝ ուշադրություն հրավիրելով զորքի ռացիոնալ կազմի և կառուցվածքի հարցի և թիկունքի ու սպառազինության տեսության, զորատեսակների վերանայման խնդրի վրա:
«Պետությունների անկումը սկսվում է տարածքների կորստից․ մեզ մոտ հենց դա է հիմա կատարվում»,- խոսքն ամփոփել է գեներալը՝ հավելելով, որ նկատի ունի նաև ռեսուրսների՝ բնական և պետության խորության կորուստը: Իսկ լրջամիտ դիմադրություն չկա սրան:
Ադրբեջանը շտապում է խաղաղության պայմանագիր կնքել, քանի դեռ մենք չենք վերականգնվել
ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանն էլ կարծում է, որ բանակը չի պարտվել և իր խնդիրը կատարել է, և որ մեր դեմ միայն Ադրբեջանը չէր, և որ Ադրբեջանը ևս լուրջ կորուստներ է կրել: Ըստ այդմ՝ Ադրբեջանը շտապում է խաղաղության պայմանագիր կնքել, քանի դեռ մենք չենք վերականգնվել: