Մորուքը, ուսապարկը, հերոսի կեղծ պապիկը, սրտիկով կեղծ վիրակապը և Գանդիի ու Քեմալ Քըլըջդարօղլուի տեխնոլոգիայի պլագիատ անողի ճամարտակությունը

Այսօր Ազգային ժողովումՆիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդդիմության պայքարի մաս կազմող տեխնոլոգիաներին, հայտարարել է, որ ժամանակին իրենց քայլելու համար ծաղրող ընդդիմությունը, հիմա ինքն է պտույտներից հետո որոշել քայլել:

«Իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար, քաղաքի խանութներում, ցավոք, ուսապարկ մնացել է, որովհետև ընդդիմության շարքերն այնքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը։ Պարզապես գներն են բարձրացել, որովհետև գիտեն, որ նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի, և բիզնեսը որոշել է կրկնապատկել ապրանքի շրջանառությունը։ Մեր Քայլոին էին ծաղրում, հիմա քաղաքում նաև անտուն շների գինն է բարձրացրել, ընդդիմադիր էլիտան մեծ փողերով շներ է գնում, եթե Չալոյի նման լինի, ավելի բարձր է գնահատվում։ Մեզ ասում էին, որ մենք հեղաշրջմամբ ենք եկել իշխանության, հիմա նույն քայլերն իրենք կրկնում եմ։ Հիմա կամ իրենք պետք է ասեն, որ ուզում եմ հեղաշրջում անեն, կամ էլ պետք է խոստովանեն, որ մենք հեղաշրջում չենք արել, ժողովրդավարական պրոցեսով ենք եկել իշխանության։ Նրանց թվում է, որ եթե ամեն ինչ կրկնեն, նմանակեն, կստացվի։ Դրա հետ կապված ուզում եմ մի պատմություն պատմել։ Ժամանակին Ֆրունզիկ Մկրտչյանը դիմում է Վահրամ Փափազյանին, ասում է՝ վարպետ, ուզում եմ իմ դերասանական կարիերայի նոր փուլ անցնել և ստանձնել Օթելլոյի դերը։ Վահրամ Փափազյանը նայում է Ֆրունզիկ Մկրտչյանին և ասում է՝ տղաս, ամեն սև բան Օթելլո չէ։ Հիմա թերևս սրանով կարելի է ամբողջացնել հարցի պատասխանը»,-շարունակել է Փաշինյանը:

Նույն միտքը երեկ արտահայտել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թե՝ բացի մորուք պահելուց՝ ամեն ինչ կրկնում են և չեն հասկանում, որ նույն բանն անելով՝ չի նշանակում, որ կարող ես հաջողել, ես ձևերը շատ երկար կարող եմ բացատրել:

Այստեղ, թերևս, տեղին է  հիշեցնել «իմքայլական» Մխիթար Հայրապետյանի՝ «Մեդիամաքսի» հետ զրույցում արած խոստովանությունը հեղափոխական նմանակումների հետ կապված: Մխիթար Հայրապետյանը մասնագիտությամբ արևելագետ է, նա նաև մասնագիտացած է ոչ բռնի գործողությունների, խաղաղ անհնազանդության մեթոդաբանության մշակման, դրանց մատուցման հարցերում, որտեղից էլ սկսվում է շարժման հիմքը։

«Քայլարշավի գաղափարի հիմքում ընկած է Մահաթմա Գանդիի ուսմունքը ոչ բռնի պայքարի վերաբերյալ։ Այս տեխնոլոգիաների մեթոդաբանությանը վաղուց եմ ծանոթ։ Օգտվել ենք 1930 թվականին «Աղի երթի» ընթացքում կիրառված տեխնոլոգիաներից, մասնավորապես, երբ Գանդին 387 կմ քայլեց՝ սոցիալական հարցեր բարձրացնելու նպատակով։ Նա երթը սկսեց 8 հոգով, ավարտեց 80 հազարով։ Երկրորդ օրինակը վերցրել ենք Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուի 2017 թվականի քայլերթից, երբ նա քաղբանտարկյալների խնդիրը բարձրացնելու համար Անկարայից քայլեց Ստամբուլ՝ շուրջ 450 կմ։Նա ևս միայնակ մեկնարկեց քայլերթը և շուրջ 300 հազար կողմնակիցներով մուտք գործեց Ստամբուլ»,– «Մեդիամաքսին» պատմել է նա, ապա ավելացրել, որ հաշվի չեն առել նշված շարժումների արդյունքները, օգտվել են քայլերթի միջոցով իրազեկման ակցիա անելու, մարդկանց թիվը բազմապատկելու տեխնոլոգիաներից։ Սակայն եթե նշված 2 դեպքում կիրառվել էր 24-օրյա քայլերթի տարբերակը, Մխիթարի գաղափարի շուրջ համախմբված թիմը կանգ է առել 14-օրյա քայլերթի վրա՝ հաշվի առնելով Հայաստանում քաղաքական իրողություններն ու ժամկետների սղությունը։

Նիկոլ Փաշինյանը այս մասին չի՞ իմացել, չգիտի՞, որ իրենք էլ այլ, այդ թվում՝ թուրք առաջնորդների գաղափարներն են ընդօրինակել և հարմարեցրել հայկական իրականությանը կամ գուցե հակառակը:

Դեռ չենք խոսում նրանից, որ, ինչպես շատերն են պնդում, Փաշինյանի «թավշյա հեղափոխության» ծրագրի գլխավոր մշակողները, տեխնոլոգները հենց դրսի ուժերի կողմից են թելադրել: Փաշինյանի սերտած, բայց սեփական ձեռքով հեղափոխական չմշակած տեխնոլոգիաներից երկար կարելի է խոսել, որով առաջնորդվում է մինչ այսօր: Ինչ վերաբերում է հեղաշրջմամբ, թե ժողովրդավարական գործընթացներով իշխանությունը վերցնելուն և այս մասին Փաշինյանի հորդորին՝ ուղղված ընդդիմությանը, նշենք, որ վերջերս ՔՊ պատգամավորները օգտագործում են «վերազավթել» բառը, թե իբր կոնկրետ խմբերի կողմից փորձ է արվում օգտագործել ժողովրդավարության ընձեռած ազատությունները՝ որպես սանձարձակություններ և անկարգություններ իրականացնելու և ՀՀ-ում վերազավթելու ժողովրդի իշխանությունը։

Ինչպես հասկանալ՝ նախկինների՝ ընտրությունների միջոցով (արդար էին, թե ոչ արդար այդ ընտրությունները, դա այլ հարց է) իշխանություն վերցնե՞լն էր հեղաշրջում, թե՞ սա ինքնախոստովանություն է, որ իրենք իրականում զավթել են այս իշխանությունը: Գուցե մի օր Նիկոլ Փաշինյանը ժամանակ ունենա այս հարցին պատասխանելու: Ու նաև ասի՝ Քըլըջդարօղլուի՞, Գանդիի՞, թե՞ այլ մեկի տեխնոլոգիաներն էին իրեն հուշել Ապրիլյան պատերազմի զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի իրական պապիկի փոխարեն կեղծ պապիկ բեմ բարձրացնել, կամ կարմրաներկ կեղծ վիրակապով փաթաթել ձեռքը, վրան սրտիկ նկարել ու Մոնթեի և Սեդայի հայտնի նկարի նման լուսանկարվել կնոջ հետ:

Տեսանյութեր

Լրահոս