Նրանք քայլեցին պետության վրայով
Սովորական պայմաններում պետության բացակայության մասին գնահատականները երբեմն չափազանցված են հնչում, հակադարձվում են դրոշի, զինանշանի ու պետական պաշտոնյաների ատրիբուտիկ գոյությամբ։ Բայց ֆորսմաժորային պայմաններում պետության բացակայությունը կամ չգոյությունն ուղղակի աչք է ծակում՝ հերթական անգամ ապացուցելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է հենց պետության չլինելիությամբ։
Այսօր առավոտվանից Հայաստանը գտնվում է փաստացի պատերազմական իրավիճակում։ Մամուլը, սոցցանցերը, արդեն մի քանի ժամ է՝ գրում են զոհերի, գերիների ու վիրավորների մասին։ Նման ֆորսմաժորային պայմաններում պետական ողջ ապարատը պետք է աշխատի միանգամայն այլ՝ պատերազմին բնորոշ ռեժիմով։ Այդ աշխատանքում ռազմական անվտանգությունից ոչ պակաս կարևոր են տեղեկատվական անվտանգությունը, քաղաքացիներին խուճապից զերծ պահելու պետության քայլերը։
Եվ ահա, մինչ մամուլն ու սոցցանցերն իրարամերժ տեղեկություններ են հայտնում, զոհերի ու գերիների մասին ՊԱՇՏՈՆԱԿԱՆ տեղեկատվությունը հաղորդում է ոչ թե պետությունը՝ ի դեմս հարյուրավոր հաստիքներ ունեցող Պաշտպանության նախարարության, այլ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը (դիջեյ Էդո), ով ավելի շատ հայտնի է հայկական տարածքներին «ադրբեջանական պատկանելություն» շնորհելու իր անխոնջ մոլուցքով։
Այսինքն՝ մարդ, ում առնվազն վերջին հրապարակային ելույթներն ընդամենը Իլհամ Ալիևի և ադրբեջանական քարոզչության կրկնությունն ու հաստատումն են, հիմա հայտարարում է հայ զինծառայողների շրջանում զոհերի ու վիրավորների մասին։
Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, սահմանին կանգնած զինվորի ծնողն իր երեխայի կյանքի ու մահվան մասին առաջինը տեղեկանում է մեկից, ով զբաղված է հայերին սպանող ադրբեջանական քարոզչության հաստատմամբ։
Հենց սա՛ է պետության բացակայությունը։ Կամ չգոյությունը։ Կամ չլինելիությունը։ Պետության լինելիության դեպքում նմանները ոչ միայն պաշտոններ չէին ունենա, այլ ՀՀ քաղաքացիների մահվան մասին տեղեկությունը կհաղորդվեր պատշաճ կարգով, պաշտոնապես, ինստիտուցիոնալ խողովակով, ինչը, ի թիվս այլ բաղադրիչների, նաև քաղաքացու կյանքի ու, այո, նաև մահվան նկատմամբ հարգանքի դրսևորում է։
Բայց քանի որ չկա պետություն, կա Էդուարդ Աղաջանյան։ Որովհետև քանի որ կան էդուարդաղաջանյաններ, չկա պետություն։
Հարություն Ավետիսյան
Հ․Գ․ Հիշեցնենք, որ նույն Էդուարդ Աղաջանյանն էր 2018 թվականի ապրիլի 23-ին հեղափոխություն կոչվածի օրերին հանրահավաքում 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունով կեղծ մի ծերունու բարձրացրել հարթակ: Կեղծ «պապիկի» ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատները շոկի մեջ էին հայտնվել: Էդուարդ Աղաջանյանը Նիկոլ Փաշինյանի ու իր մյուս թիմակիցների հետ բռնել էր Ռոբերտ Աբաջյանի նկարն ու ցույց էր տալիս, թե, իբր, ժողովո՛ւրդ ջան, տեսեք, հերոս Ռոբերտի պապն էլ է Նիկոլի հետ։
Այսօր, նոյեմբերի 16-ին, հետաքրքիր զուգադիպությամբ, ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: