«Իշխանության տարբեր դեմքեր դեռ երես ունեն հայտարարելու, թե իրենց օրոք անհամեմատ մեծ ծավալի զենք է ձեռք բերվել, քան դրանից 1 կամ 2 տասնամյակ առաջ»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության տարբեր դեմքեր, քարոզչամեքենայի ներկայացուցիչներ դեռ երես ունեն հայտարարելու, թե իրենց օրոք անհամեմատ մեծ ծավալի զենք է ձեռք բերվել, քան դրանից 1 կամ 2 տասնամյակ առաջ:

Հատկանշական է, որ սրանք հղում են անում գործարքների, որոնց մատակարարումները չնայած նրանց պաշտոնավարման օրոք է եղել, սակայն պայմանագրերը կնքվել է մինչև 2018 թվականը: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՌԴ-ի հետ 100 մլն դոլար կազմող վարկին, որը կնքվել էր 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանց ձեռք բերած ու փառաբանված ՍՈՒ-30 ինքնաթիռներն առանց զինամթերքի էին և 44-օրյա պատերազմի օրերին որևէ խնդիր չեն լուծել: 4 ինքնաթիռի համար, տարբեր հաշվարկներով 140-160 մլն դոլար գումար է հատկացվել:

Թե ինչ ծավալի ԱՆՎՃԱՐ սպառազինություն է ստացել Հայաստանը Փաշինյանից առաջ՝ հսկայական ծավալով և թե ինչու բանակն անհրաժեշտ սպառազինություն չի ստացել Փաշինյանի օրոք, մեկ այլ քննարկման առարկա է:

Նույնիսկ Ալիևը մեռավ կոկորդ ճղելով, թե իրենց հաշվարկով 5 մլրդ դոլարի կարգի հայկական սպառազինություն է խոցվել կամ անցել ադրբեջանական վերահսկողության տակ:

Ի վերջո, այն իշխանությունը, որը 44-օրյա պատերազմից հետո միայն բանակի կրճատումների և շտաբային համազգեստի փոփոխությունների մասին է խոսում ու գրում և ոչինչ բանակի մարտունակության բարձրացման, սպայակազմի, պայմանագրայինների սոցիալ-կենցաղային մակարդակի աճի ու բանակում բարոյահոգեբանական անհրաժեշտ աստիճանի մասին, ուղղակի բարոյական իրավունք չունի իր «ձեռքբերումների» մասին խոսելու:

Դուք ոչ միայն պատասխանատու եք ավերիչ պատերազմի ու հազարավոր զոհերի և վիրավորների համար, որն ինչպես Փաշինյանը խոստովանեց՝ կարող էր կանխել, բայց չի արել, այլ դուք պատասխանատու եք զինված ուժերը նպատակային կազմալուծելու, ՀՀ և Արցախի պաշտպանողականությունը իջեցնելու ու այդ հիմքով զիջումների հող նախապատրատելու համար:

Տեսանյութեր

Լրահոս