Ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ․ Իշխան Սաղաթելյանի ուղերձը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր համաժողովրդական պայքարի կոչ է հղել:
ՀՅԴ-ական գործիչը տեղեկացրել է, որ ամբողջ Հայաստանով սկսում են անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ:
«Մեր երկիրը հասել է մի այնպիսի նոր հանգրվանի, որ հաջորդ փուլն այսպես շարունակելու դեպքում՝ Հայաստանի և Արցախի համար լինելու է կործանարար: Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլ առհասարակ պետականության կորստի իրական վտանգի առջև. սրանք պարզապես խոսքեր չեն, դառը իրականություն է: Բոլոր փաստերը ներկայացված են, ապացույցները՝ բերված. ով աչք ունի՝ տեսել է, ով ականջ ունի՝ լսել է: Հիմա արդեն գործի ժամանակն է»,- ասել է նա:
Իշխան Սաղաթելյանը հավելել է, որ ողջ թիմով և ռեսուրսով, հազարավոր հայրենակիցներով, աջակիցներով՝ դուրս են գալիս փողոցային պայքարի, իջնում են փողոց՝ ազգադավ, ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով:
«Սա պայքար չէ հանուն իշխանության. սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն հայ տեսակի: Սա մեկ ուժի, մեկ կուսակցության պայքար չէ. համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության:
Առաջիկա ծրագրերի մասին․ ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական Ջահերով երթը, մեր պահանջատիրության, մեր միասնականության, մեր պայքարը խորհրդանշող, մեր ուխտի երթը։ Բոլորիդ հրավիրում ենք Ջահերով երթին։ Մենք այդ օրն ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք և ապացուցենք՝ մենք տեր ենք Արցախին, մենք տեր ենք մեր պետականությանը և տեր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարել, իսկ ապրիլի 25-ից մենք ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։
Նախ՝ ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում, ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով ձեզ կտեղեկացնենք։
Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար՝ նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում»,- եզրափակել է պատգամավորը: