Չես անում դիվերսիֆիկացիան, փոխարենը՝ հարվածի տակ ես դնում այն հիմնական ոլորտը, որի վրա նստած է քո պետական բյուջեն. Փորձագետ
ՊԵԿ-ն օրերս հրապարակեց 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Այս անգամ հարկատուների առաջին տասնյակն ունի հետևյալ հերթականությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գազպրոմ Արմենիա», Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, «Գրանդ տոբակո», «Ինտերնեշնլ Մասիս տաբակը», «Ֆլեշ», «Թեղուտ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություն։
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը, անդրադառնալով խոշոր հարկատուտների ցանկին, նկատեց, որ սա ընդհանուր առմամբ ցույց է տալիս մեր տնտեսության դիվերսիֆիկացման աստիճանը և մակարդակը:
«Այսինքն՝ այն, որ խոշորագույնների մեջ առավելապես կամ բնական մենաշնորհային ընկերություններն են, կամ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները, ցույց է տալիս տնտեսության իրական հատվածում տեղի ունեցող գործընթացները և այն հիմնաքարային ուղղությունները, որոնց վրա ձևավորված է մեր տնտեսությունը:
Եվ այս իմաստով՝ այստեղ միտումն այնքան էլ դրական չէ, որովհետև հանքարդյունաբերությունը, այո, առանցքային նշանակություն ունի, բայց արտահանելի ապրանքի տեսանկյունից և դեպի բնակչություն արդյունքի հավասարաչափ բաշխման տեսանկյունից խնդրահարույց է»,- շեշտեց Լիլյա Ամիրխանյանը:
Տնտեսագետը թեև դրական որակեց 2021-ի նույն ամիսների համեմատ՝ այս տարվա հունվար-մարտին 1000 խոշոր հարկատուների՝ շուրջ 26 տոկոսով ավելի հարկ վճարելու դինամիկան, այդուհանդերձ, նկատեց, որ իրական հատվածում, դեպի շարքային քաղաքացի դրական էֆեկտը համարժեք չէ:
Նա նաև մի քանի հիմնական գործոններ առանձնացրեց, որոնք ազդել են այս տարվա վճարված հարկերի աճի վրա. «Նախ պետք է համեմատվող ժամանակաշրջանի իրավիճակը գնահատենք. այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը համեմատում ենք 2021 թ. բազային ցուցանիշի հետ, որն այնքան էլ դրական չէր տնտեսական միտումների տեսանկյունից (2021 թ. մարտին որոշակի ՏԱՑ-ի աճ գրանցեցինք, ինչը, սակայն, 2021 թ. բավականին մեծ անկումից հետո էր, և ընդհանուր կուտակային ցուցանիշը 2021 թ. առաջին եռամսյակի նույնիսկ բացասական էր):
Անշուշտ, այս պատկերի վրա բավական մեծ ազդեցություն ունի նաև գնաճը. առաջին եռամսյակը մենք 6.8 տոկոսանոց գնաճով ենք փակել, և, բնականաբար, ապրանքների և ծառայությունների համար ավելի շատ է վճարվել, իսկ դրանից ստացվող եկամտի համար ավելի շատ է վճարվել եկամտահարկ: Այս իմաստով՝ էֆեկտը գնաճային է:
Հաջորդը՝ քանի որ խոշոր հարկատուների խոշորագույնների մեջ առավելապես հենց հանքարդյունաբերական ընկերություններն են, չենք կարող հաշվի չառնել հանքարդյունաբերական ապրանքների միջազգային գների աճը: Սա, ճիշտ է, արտաքին, բայց միանշանակ դրական ազդակ է. որպես հանքարդյունաբերական արտադրանք արտահանող երկիր՝ համաշխարհային գների աճն ի նպաստ է աշխատում մեր բյուջետային եկամուտներին»:
Ի դեպ՝ նրա գնահատմամբ, 1000 խոշոր հարկատուների ցուցակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնորդությունն առնչվում է նաև հայտնի՝ 15 միլիարդի դրվագին։
«Այսինքն՝ այդ փոխհատուցման արդյունքում հարկային գումարները կտրուկ աճեցին, և արդյունքում զբաղեցրեց առաջին տեղը»,- հավելեց փորձագետը:
Դիտարկմանը, որ թեև ՀՀ տնտեսությունը հիմնականում հենվում է հանքարդյունաբերության վրա, այդուահանդերձ, վերջին տարիներին իշխանությունների կողմից այս ոլորտին ուղղված անհասկանալի քայլերին ենք ականատես լինում, Լիլյա Ամիրխանյանն արձագանքեց.
«Ունենք գլոբալ ինստիտուցիոնալ տրամաբանության խախտում: Երբ դու՝ որպես կառավարություն, էկոնոմիկայի պատասխանատու մարմին, ունես տնտեսություն, որն առավելապես հենված է հենց հանքարդյունաբերության ոլորտի վրա, բնական է, որ դիվերսիֆիկացման տեսանկյունից պետք է անես գործողություններ՝ հասնելու համար այլ ոլորտում արտահանելի արտադրանք ունենալուն, և ապա՝ արտահանման իրականացմանը: Բայց եթե չկա այդ գործընթացը, և զուգահեռաբար իրականացվում են անհասկանալի գործընթացներ՝ ուղղված հանքարդյունաբերությանը, այստեղ առնվազն չկա տրամաբանություն:
Այսինքն՝ չես անում մի ուղղությունը՝ դիվերսիֆիկացիան, փոխարենը՝ անընդհատ, կարծես թե, հարվածի տակ ես դնում այն հիմնական ոլորտը, որի վրա, հարկատուների ցանկը՝ վկա, նստած են քո պետական բյուջեն և հիմնական եկամուտները»:
Տնտեսագետը կարծում է, որ պետության նման մոտեցումը պայմանավորված է երկարաժամկետ ռազմավարության և դրանից բխող գործողությունների պլանի բացակայությամբ:
«Ինչպես հայտարարեցին առանց իզմ-երի քաղաքականություն ի սկզբանե, նույնկերպ՝ առանց հիմնական տնտեսական երկարաժամկետ քաղաքականության և պլանավորման, այսօր գնում ենք հընթացս՝ օգտվելով ինչ-որ իրավիճակային հնարավորություններից և նաև՝ հարվածի տակ ընկնելով իրավիճակային ռիսկերից ու մարտահրավերներից: Ըստ էության, վերջին 3-4 տարիների ընթացքում մենք անընդհատ նույն շրջապտույտների մեջ ենք»,- եզրափակեց Լիլյա Ամիրխանյանը: