ԶՊՄԿ գործարանի նախկին գլխավոր տնօրենի կողմից պետբյուջե 15 միլիարդ դրամի վերադարձի ոդիսականը

Մարտի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրեց՝ քննչական վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն, հանդիսացող անձը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով կատարել է ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ:

Համապատասխան հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր 15.017.640.469 ՀՀ դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե:

Նկատենք, որ մարտի 2-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հայտնի՝ «թափ տալու» դրվագում Նիկոլ Փաշինյանը խոսել էր այս մասին:

«Կամ Սյունիքի մասին խոսողները։ Հեն ա՝ գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին, 15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե։ Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»,- ասել էր նա:

Այսօր արդեն՝ կառավարության հերթական նիստում «պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը սահմանելու մասին» հարցի քննարկման ժամանակ Փաշինյանը կրկին հիշեցրեց. «Երկու օր առաջ, կամ մեկ օր առաջ ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ քրեական գործի շրջանակներում, որը հարուցված էր ԶՊՄԿ կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, պետական բյուջե է վերականգնվել 15 միլիարդ դրամ, որը վերջին տարիների երևի ամենախոշոր վերականգնումներից մեկն է»:

ՊԵԿ նախագահն էլ իր հերթին՝ գերադրական աստիճանով բնութագրելով վերականգնումը՝ նշեց. «Եթե հիշողությունս չի դավաճանում, կարծես թե քրեական գործի շրջանակներում ամենամեծ վերականգնումն է»:

Ռուստամ Բադասյանը նաև տեղեկացրեց, որ մեղադրանք է առաջադրվել ԶՊՄԿ-ի նախկին տնօրենին, որը մեղադրանքն ընդունել է, իսկ համալիր հարկային ստուգման շրջանակներում կազմվել է ակտ՝ հիմնական ռոյալթիի և շահութահարկի դրվագներով:

«Ընկերությանն առաջադրվել է 15 միլիարդի պարտավորություն, և վճարումը կատարվել է. կրկին ակտի դեմ առարկություններ չեն ներկայացվել»,- հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ ինչ-որ հստակեցում արեց՝ նկատելով. «Այստեղ, եթե ես ճիշտ եմ հիշում, երբ ասում ենք՝ նախկին տնօրենը. այդ նախկին տնօրենը նախկին է եղել մինչև 2021թ. օգոստոս ամիսը, կամ սեպտեմբեր ամիսը»:

«Մոտավորապես այո»,- հաստատեց Ռ. Բադասյանը՝ արձանագրելով, որ պայմանագրերն անցել են նաև տնօրեննների խորհրդով, բաժնետերերն են տեսել:

Ի դեպ, թեմային անդրադարձ է եղել նաև խորհրդարանում. 15 միլիարդի մասին լրագրողների դիտարկումներին անդրադառնալով՝ ԶՊՄԿ նախկին ադմինիստրատիվ տնօրեն, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 2018-2021թթ.՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ Վահե Հակոբյանը հարցադրում է հղել ՊԵԿ-ին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ այդ մամլո հաղորդագրությունում չեն հրապարակել անուն.

«Հարց՝ ո՞վ է բերել-մուծել, ո՞ւմ գլուխն է եղել կախ, ու ինչի՞ հետևանքով է բերել-մուծել, ի՞նչ թալանի մասին է խոսքը, ո՞ւմ է դա առհասարակ վերաբերում։ Ես համոզված եմ, որ ՊԵԿ-ը հատուկ որևէ անուն չի հրապարակել՝ ինչով հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին այս թեման բարձրացնել պոպուլիստական մակարդակի և իր հերթական ամպագոռգոռ հայտարարություններն անել»:

Նա նաև հավելեց, որ հարց է ուղղելու Փաշինյանին, թե ո՞ւմ նկատի ուներ՝ երեկ ԱԺ-ում «թալանչի» ասելով:

«Եթե ինձ, մենք մեր հարաբերություններն արդեն կպարզենք դատարանում,- ասաց պատգամավորը, ապա շեշտեց՝ օգոստոսի 2-ից որևէ առնչություն չունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հետ,- Ինչ վերաբերում է փայամասին, արդեն հոգնել եմ ասելով՝ երբևէ չեմ ունեցել որևէ փայամաս նշված հիմնարկում։ Ես մինչև 2016 թվականն աշխատել եմ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 2019 թվականից՝ խորհրդի անդամ։ Սրանք տարբեր ինստիտուտներ են՝ խորհուրդ, բաժնետեր, գործադիր մարմին»։

168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՊԵԿ նախագահին՝ պարզաբանելու, թե ով է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն, հանդիսացող անձը, որը վճարել է առաջադրված 15 միլիարդ դրամի պարտավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս