Պահանջում եմ, որ ՀՀ ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը. Գուրգեն Արսենյան

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծիքով, ընդդիմադիր պատգամավորների գործողությունները, այդ թվում՝ Արցախ մեկնելը, «պատերազմ հրահրելու ջանք է»: Բայց սա ամենը չէ՝ պատգամավորը թեմային որոշեց անդրադառնալ նաև առանձին ելույթով:

«Դիմում եմ ՀՀ ժողովրդին

Տեղեկացնում եմ, որ այս գործողությունները, որն իրականացնում է աջ թևում նստած քաղաքական գործիչների բազմությունը, հղի է ՀՀ–ի համար լուրջ վտանգներով:

ՀՀ իշխանությունների ջանքերը՝ խաղաղության օրակարգ ամրապնդելուն ուղղված,  տորպեդահարման ակտիվ փորձ է, որն իրականացվում է, հղում եմ անում նաև պարոն Սիմոնյանին, ադրբեջանական համապատասխան ծառայությունների ուժերի հետ համագործակցությունն ապահովելու նպատակով:

Պահանջում եմ ՀՀ գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից վերանայել այն սկզբունքները և այն աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է Հայաստանի և Ղարաբաղի Հանրապետությունների մեջ իրականացվող գործընթացներում:

Պահանջում եմ նաև, որպեսզի ՀՀ  քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը՝ իր կողմից իրացվող անհեռատես քաղաքականության հետևանքների մասին, որովհետև եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, Հայաստանի Հանրապետության՝ որպես ես երկիր լինելն է դրվում վտանգի տակ»,- ասաց Գուրգեն Արսենյանը՝ քաղաքական թիմից պահանջելով կոշտացնել դիրքորոշումները:

Ի դեպ, պատգամավորը պահանջներ ուներ նաև ԱԱԾ-ից, մասնավորապես՝ հասկանալ, թե ուր են տանում ընդդիմության այս գործողությունները:

«Որովհետև մենք պատասխանատու ենք ՀՀ ժողովրդի առջև. ՀՀ ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ: Մենք չպետք է թույլ տանք որևէ արկածախնդիր քաղաքական թիմի կամ արկածախնդիր ղեկավարների խաղալ ՀՀ անվտանգության հետ: Մենք չպիտի թույլ տանք, որ մեր ժողովրդին նոր սպանդի տանելու հնարավորություն ընձեռեն:

Պահանջում եմ ևս մեկ անգամ ու սթափության կոչ եմ անում ՀՀ քաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ նաև մեզ»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս