Ինչի՞ց է վախենում Սերժ Սարգսյանը

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված է, որ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իրենից չի վախենում մի պարզ պատճառով.նախագահ դառնալուց հետո ինքը չի պատրաստվում վնասել նրան, ավելին՝ հենց սկզբից հայտարարել է, որ նախկին  երեք նախագահներին դարձնելու է խորհրդարական:

Իսկ ինչի՞ց է վախենում Սերժ Սարգսյանը: Վարդան Սեդրակյանն այս հարցի պատասխանը միայն կարող է գուշակել: «Ի՞նչ իմանանամ Սերժ Սարգսյանն ինչից է վախենում: Միգուցե ինքը գիշերները տեսիլքներ է տեսնում, ասենք՝ Վազգեն Սարգսյանի տեսիլքն է  գալիս,  Խորեն Խոռխոռունու, Արծրուն Մարգարյանի, իր մարտական ընկերների, որոնց շնորհիվ ինքը հասավ շատ բաների, բայց նրանք վաղուց սպանված են, ընդ որում սպանված են այն ժամանակ, երբ ինքը ԿԳԲ-ի պետ էր»,-լրագրողների հանդիպման ժամանակ հայտարարեց Վարդան Սեդրակյանը:

Նրա կարծիքով, Սերժ Սարգսյանը կարող է վախենալ նաև մարտի 1-ին սպանվածների տեսիլքներից: Առհասարակ, Վարդան Սեդրակյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանը վախենալու շատ բան ունի, սակայն այդ ցանկում վերջին տեղում կարող է լինել իր անունը: Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ իշխանություններն իրենից ոչ վախենում են, ոչ էլ փորձում  են բանակցություններ վարել:

«Իշխանությունների կողմից ոչ սպառնալիքներ են եղել, ոչ բանակցություններ են եղել: Մենք անկախ պետություններն ենք, իրար հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք»,-ասաց Վարդան Սեդրակյանը:

Կարդացեք նաև

Նա քննադատեց ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև թեկնածուներ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին: Վարդան Սեդրակյանին, մասնավորապես, զայրացնում է այն հանգամանքը, որ լրագրողներն անընդհատ իր ֆինանսական խնդիրներ են շոշափում, բայց քննարկման առարկա չեն դարձնում, թե որտեղից և ինչպես են առաջացել նրանց ֆինանսական միջոցները:

Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ Վարդան Սեդրակյանի, հայտարարում է, որ ընտրագրավի գումարը չունի, բայց պատրաստվում է արտաքին մեծ  գովազդային վահանակներ պատվիրել:  Հրանտ Բագրատյանն էլ, էպոսագետ թեկնածուի խոսքերով, կոնյակի իր հարուստ հավաքածուի մասին է խոսում՝ մոռանալով, որ դա ևս ահռելի կարողություն է: «Մարդը պատրաստվում է նախագահ դառնալ և եթերով  ասում է, որ վերջին 10 տարում 4700 շիշ կոնյակ է խմել: Հաշվեք 4700 շիշը քանի տոննա սպիրտ է անում»,-ասաց Վարդան Սեդրակյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Հրանտ Բագրատյանին հարբեցողության մե՞ջ եք մեղադրում, Վարդան Սեդրակյան ասաց. «Դրա մեջ չեմ մեղադրում, այլ համեմատություն եմ անում, որ երբ որ մարդը վարչապետ էր նշանակվել, «Մալբորոյի» փող չուներ, ուզում է  թող ցիստեռնով խմի, ի՞նձ ինչ»:

Վարդան Սեդրակյանը շեշտեց, թե ինքը երբևէ  որևէ կուսակցության անդամ չի եղել  և պաշտոն չի ունեցել, և սեփականությունը ձևավորվել է առևտրով զբաղվելով: «Հիմա մանրամասն ասե՞մ՝ որ թվին որ երկիր եմ գնացել ինչ ապրանք եմ բերել»,-իր կարողություններին վերաբերող հարցերից սրտնեղած ասաց թեկնածուն:

168.am-ի այն հարցին, ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ նա ոչ վաղ անցյալում ֆինանսական խնդիրներ է ունեցել, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Ֆինանսական խնդիրներ չեն ունենում միայն կենդանական աշխարհի ներկայացուցիչները»:

Տեսանյութեր

Լրահոս