CNN-ը հաղորդել է ԱՄՆ-ում մարտի ամսին գերձայնային հրթիռի գաղտնի փորձարկման մասին
Ամերիկացի զինվորականները գերձայնային հրթիռ են փորձարկել մարտի կեսերին, բայց դա գաղտնի են պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության էսկալացումից խուսափելու համար: Այդ մասին հաղորդել է CNN գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի:
Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, փորձարկումը հաջողությամբ է անցել: ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են չհայտնել անցկացված փորձարկման մասին Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության էսկալացումից խուսափելու համար, քանի որ այդ ժամանակ նախագահ Ջո Բայդենն ուղեւորվել էր Եվրոպա:
Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը փորձարկել է գերձայնային հրթիռ, որը մշակվել է «Գերձայնային օդա-ռեակտիվ զենքի հայեցակարգերի» (HAWC) շրջանակներում:
Այն արձակվել է B-52 ռմբակոծիչից: Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ սա գերձայնային զենքի երկրորդ հաջող փորձարկումն է HAWC-ի ծրագրի շրջանակներում: Առաջինը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: