«Իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչպիսի անվտանգային միջավայր գոյություն ունի Հայաստանի և Արցախի շուրջ». Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ պետք է հասկանալ, որ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չեն։ Եվ խաղաղության գնալ՝ առանց նախապայմանների, առանց իրադրության համապատասխան ու ճիշտ գնահատման, անընդունելի է հայկական կողմի համար։
«Եթե մեզ թվում է, որ հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի հայաթափումը, միանշանակ այդպես չէ, որովհետև ով ճանաչում է թուրքին, ադրբեջանցուն, գիտի, որ գոյություն ունի թուրք-ադրբեջանական այնպիսի խորամանկություն, ցավալի է, որ Հայաստանի միամիտ իշխանությունները դա չեն հասկանում։ Ադրբեջանցիներն իրենց ճնշումներով փորձելու են ռազմավարական կարևոր կետերը, բարձունքները, աշխարհագրական դիրքերը զբաղեցնեն, որպեսզի հետագայում այդ հատվածներում ճնշումներն արցախահայության վրա կարողանան շարունակական դարձնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
Այս համատեքստում՝ նրա համար անընդունելի են ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները, քանի որ լուրջ համագործակցություն պետք է իրականացվեր Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Ադրբեջանի հետ՝ այդ երկրին վերաբերող մասով: Հայաստանը նաև պետք է համագործակցեր Արցախի ՊԲ-ի և խաղաղապահ ուժերի հետ։
«Պետք է հստակեցվեին բոլոր խնդիրները, թե ՊԲ-ն ինչ խնդիրներ է իրականացնում, խաղաղապահներն ինչ խնդիրներ են իրականացնում, և բոլոր բաց տեղերը, հատկապես այն վայրերում, որտեղ խաղաղ բնակիչներն են, նաև սահմանային վայրերը, պետք է փակեին։ Սա խոսում է նրա մասին, որ ՀՀ իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչպիսի անվտանգային միջավայր գոյություն ունի Հայաստանի և Արցախի շուրջ։ Հանրությունն այս իշխանությունից պետք է պահանջի ձեռնարկել արագ միջոցառումներ, որովհետև իրավիճակի պատասխանատուն նրանք են։ Իսկ արագ միջոցառումների ձեռնարկման ուղղությունները 2-ն են՝ ազգային երաշխիքը և միջազգային երաշխիքները»,- հավելեց Ս. Օհանյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ զարմանում է Հայաստանի իշխանությունների վրա, որոնք գոնե 2 հանգամանքի արդյունքում եզրակացության չեն հանգել, նաև իրենց սեփական սխալներից հետևություններ չեն արել։ Թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է այնպիսի խորամանկության դիմել, որի դեպքում մշտապես իրենց շահերն առաջ են տանելու, ու հայկական կողմը տուժելու է։ Նաև որոշումների ընդունման ընթացակարգեր գոյություն չունեն, քանի որ սահմանն ապահովված չէ։
«Մենք տեսնում ենք, որ իշխանությունն ամեն ինչ գցում է ուրիշների վրա, միայն թե իրենք որևէ բանով չզբաղվեն։ Հայկական բանակը, ՊԲ-ն ունեն բոլոր հնարավորությունները՝ արագ որոշումներ ընդունելու և սահմանում նորմալ իրավիճակ ապահովելու համար»,- շեշտեց նա։