«Ով ճամփա փակի, ով ընկնի դրախտ»․ Գնել Սանոսյանը ճանապարհ փակած Ծովագյուղի բնակիչներին հանդիպելու փոխարեն՝ կոկորդիլոսագետի քարոզարշավին է մասնակցել

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները երեկ կեսօրից մինչև ուշ գիշեր երկկողմանի փակել էին Երևան-Սևան ավտոճանապարհը և պահանջում էին, որ այնտեղ ժամաներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը։

Վերջինս, սակայն, ճանապարհը փակած գյուղացիների հետ հանդիպման չգնաց, բավարարվեց միայն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ամբիոնից Ծովագյուղ և Սեմյոնովկա գոյւղերի բնակիչներին կոչով դիմելով։

Եվ փոխարենն Ազգային ժողովից ուղևորվեր ճանապարհը փակած գյուղացիների հետ հանդիպելու, բոլորովին այլ հարցով, այլ ուղղությամբ է ուղևորվել։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը թիմակիցների հետ Ազգային ժողովից շտապել էր Վեդի, ժամը 19։00-ին ներկա գտնվել Արարատի նախկին մարզպետ, ներկայում՝ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար ընտրապայքարի մեջ մտած, հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի քարոզարշավին։

Սանոսյանը հանդիպմանը ներկա բնակիչների հետ մասնավորապես խոսել է խաղողի մթերմանը վերաբերող հարցերի մասին։

ՏԿԵ նախարարի այս քայլը վրդովմունք է առաջացրել Ծովագյուղի բնակիչների մոտ․

«Մենք այդքան ժամանակ այդ ցրտին կանգնենք փողոցում, հարյուրավոր մեքենաներ խցանման մեջ գտնվեն, իսկ Գնել Սանոսյանը մեզ արհամարհի ու գնա Վեդի՞։ Այստեղ են ասել՝ ով ճամփա փակի, ով ընկնի դրախտ․․․ Գնել Սանոսյան, մեզ ընդհանրապես չեն հետաքրքրում Վեդիում անցկացվելիք ընտրությունները, դու պարտավոր էիր այստեղ գալ և ոչ թե՝ գնայիր Արարատի մարզ, գուցե ճանապա՞րհն ես շփոթել։ Մենք քեզ 2 օր ժամանակ ենք տալիս․․․»։

Տեսանյութեր

Լրահոս