Անդրանիկի միջադեպն ու հայ որբերը. ի՞նչ է տեսնում Խատիսյանն իր արտասահմանյան ճանապարհորդության ժամանակ
Հայաստանի Առաջին Հանրապետության կարևոր քաղաքական ֆիգուրներից էր Ալեքսանդր Խատիսյանը։ Նա ստանձնել է հանրապետության վարչապետի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Խատիսյանի գործունեության ամենահետաքրքիր էջերից են, թերևս, նրա արտասահմանյան ուղևորությունները։ Այդ ուղևորությունների մասին կան հուշեր և պատմական տեղեկություններ, սակայն առավել արժեքավոր է հատկապես հենց Խատիսյանի գիրք-հուշագրությունը` «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», որում քաղաքական գործիչը ներկայացնում է իր ճանապարհորդության ընթացքում տեղի ունեցած դեպքերի, իրադարձությունների ու մանրամասնությունների մասին։
Խատիսյանի ճանապարհորդությունը սկսվում է 1920 թվականի հունիսի 19-ից և ավարտվում է նույն թվականի հոկտեմբերի 23-ին։ Խատիսյանը ժամանում է նախ Թիֆլիս։ Ճանապարհորդության հենց սկզբից նա կրում էր «Հայաստանի կառավարության հատուկ լիազորի» տիտղոսը։ Վրաստանից հետո Խատիսյանն այցելում է Կ. Պոլիս։ Պոլսից հետո սկսվում է Խատիսյանի եվրոպական ճանապարհորդությունն ու կարևոր հանդիպումների շարքը։ Նա լինում է Փարիզում, ապա այցելում է Լոնդոն։ Հատկապես հետաքրքրական էին Խատիսյանի լոնդոնյան այցելություններն ու հանդիպումները, որոնց մասին պատմում է հենց ինքը` քաղաքական գործիչը։
«Հետեւեալ օրը Յովհ. Խան Մասեհեանի հետ գացինք Լոնտոն։ Պօղոս փաշան եւ Ահարոնեանը հեռագրեցին Լոնտոն իրենց ներկայացուցիչներուն դիմաւորելու ինձ։ Լոնտոնի կայարանը եկած էին ողջունելու Պօղոս փաշայի ներկայացուցիչ Մալկոմը, Աբել վարդապետը եւ շարք մը ուրիշ անձինք հայ գաղութէն։ Լոնտոնի մէջ ես գործեցի նոյն ծրագրով. Ունեցայ խորհրդակցութիւն փոխառութեան մասին, ըրի այցելութիւն արտաքին գործերու նախարարութեան։ Տեղական գաղութը հիւրասիրութիւն կազմակերպեց Քարլթըն հոթէլի մէջ, որուն ներկայ էր ամբողջ հայ գաղութը, նաեւ Անդրանիկը, որ պատահմամբ կը գտնուէր Լոնտոն։ Խոսուեցան ճառեր. Խօսնակներու մէջ էին նաեւ Մալկօմն ու Անդրանիկը, որ յիշեց իր հին հաշիւները Հայաստանի կառավարութեան հետ։ Խօսեցայ եւ ես։ Ընդհանուր ոգեւորութեան մէջ վերջացաւ ընդունելութիւնը»։ (Հատվածը վերցված է Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի ծագումն ու զարգացումը» գրքից։ 1968 թվական, էջ 233):
Խատիսյանի Լոնդոն այցելության ու հանդիպումների մեջ հետաքրքրական է հատկապես Անդրանիկի դրվագը, որում Խատիսյանն ընդգծում է Անդրանիկի և Հայաստանի կառավարության միջև հաշիվների մասին։ Սակայն նկատելի է, որ Խատիսյանը շատ չի ծավալվում, այլ միայն փոքրիկ ակնարկով ընդգծում է, թերևս, իր համար ևս այդ կարևոր դետալը։ Լոնդոնից հետո Խատիսյանը գրում է դեպի Հռոմ, Վենետիկ և Եգիպտոս ճանապարհորդությունների մասին։ Արդեն իսկ օգոստոսի 22-ին նա շոգենավով ուղևորվում է դեպի Հունաստան` Աթենք, իսկ Աթենքից հետո նա շարժվում է դեպի Իզմիր։ Հատկապես հիշարժան ու կարևոր հանդիպումներ է ունենում Խատիսյանը հենց Իզմիրում։ Այնտեղ նա հանդիպում է նաև հայ որբերին։
«Իզմիրի մէջ, յատկապէս, կը հետաքրքրուէին այն հարցով, թէ ինչպիսի մասնագէտներ են պէտք Հայաստանի համար։ Կարճ ժամանակ անցած Իզմիրէն շատերը գացին Հայաստան, բայց շուտով ետ եկան, երբ այնտեղ երեւացին բոլշեւիկները։
Յունական գլխաւոր հրամանատար զօր. Պարասկեւոպուլոսին այցելելու ատեն զիս ընդունեցին զինուորական նուագախումբի ռազմերգովը եւ պատուոյ պահակախումբով, իսկ զօրավարը ինձ յանձնեց 50 շքանշան հայ սպաներուն բաժանելու համար։ Առաջին շքանշանը, իմ յանձնարարութեան համաձայն, յանձնեց Երեւանի քաղաքապետ գնդ. Շահխաթունիին տալու համար։
Յունական բարձր քոմիսար Ստերիատիսը ինձմէ խնդրեց այցելել քաղաքը, անոր հիմնարկությունները, հիւանդանոցը, որբանոցները եւ իմ տպաւորութիւնները յայտնել իրեն։ Իմ տպաւորութիւնները միանգամայն նպաստաւոր էին, եւ այդ մասին ես հեռագրեցի Աթէնք` Վենիզելոսին։
Հայկական հիմնարկութիւներէն տեսայ սքանչելի որբանոցը հազար որբերով, որոնք շատ լաւ կ՛երգէին, մարմնամարզի վարժութիւններ կ՛ընէին, կ՛արտասանէին բանաստեղծութիւններ եւ առհասարակ, հիանալի տպաւորութիւն կը ձգէին»։
Իզմիրէն ալ հեռացայ այն տպաւորութեամբ, որ ամբողջ հայ գաղութը կ՛ապրի սիրով դէպի Անկախ Հայաստանը»։ (Նույն տեղում` էջ 242):
Խատիսյանն իր ճանապարհորդության ամբողջ ընթացքում լինում է հայ համայնքներում, զրուցում տարբեր երկրների կարևոր ներկայացուցիչների ու ղեկավարների հետ։ Այդ ամենի արդյունքում նա լավ հարաբերություններ ու Հայաստանի հետ համագործակցության կարևոր նախաձեռնությունների փաթեթներով վերադառնում է Հայաստան։ Ցավոք, այդ ծրագրերի մի մասը չեն իրականանում, քանի որ ամիսներ անց Հայաստանը խորհրդայնանում է։
Զ. Շուշեցի