Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի ապաշրջափակումը՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ և առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու. Բաղայի

Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, այդ թվում՝ Հայաստանի հարավով Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային կապի հաստատումը՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու և Հայաստանի ազգային ինքնիշխանությանը հակասելու։

Ինչպես հաղորդում է իրանական Mehrnews գործակալությունը, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ իրենք զգայուն են Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի հնարավոր ներկայությամբ և միջամտությամբ՝ հավելելով, որ Իրանն այդ հարցը հստակ արտացոլել է։

Բաղային նշել է, որ իրենք այս հարցով լսել են բոլորի բացատրությունները՝ շեշտելով, որ իրենց վստահեցրել են, որ ԱՄՆ-ի հետ հաստատվելիք գործընկերությունը կլինի Հայաստանում գրանցված ընկերության շրջանակներում։

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև շեշտել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում ընդգծվել են  ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիության սկզբունքները։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում մեր մտահոգությունները կփոխանցենք տարածաշրջանի երկրներին»,- ասել է Բաղային։

Տեսանյութեր

Լրահոս