
ՌԴ-ն հայտնել է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական գործողություն կանխելու մասին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հաղորդել է, որ կանխվել է Ղրիմի կամրջի վրա նախատեսված ահաբեկչական գործողությունը։ Մասնավորապես, հայտնաբերվել է ավտոմեքենա, որը Ռուսաստան էր ժամանել Վրաստանի հետ սահմանով և որը նախատեսված է եղել պայթեցնել։ Կան ձերբակալվածներ, որոնք մեղադրվում են պայթուցիկի տեղափոխման գործում մասնակցության համար: Այդ մասին հաղորդում են «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Հաստատվել է, որ մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք տեղափոխող ավտոմեքենան Ռուսաստան է ժամանել Ուկրաինայից՝ տարանցիկ ճանապարհով անցնելով մի շարք երկրներ։ Այն հատել է ռուս-վրացական սահմանը և պետք է Կրասնոդարի երկրամաս ուղևորվեր մասնավոր վարորդի վարած ավտոմեքենայով», – հաղորդել է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Հետագայում, ըստ հատուկ ծառայության, մեքենան պետք է հանձնվեր մեկ այլ վարորդի, «որը պետք է այն Ղրիմի կամրջով տաներ Ղրիմի Հանրապետություն և ակամայից դառնար մահապարտ-ահաբեկիչ»։
«Չնայած ուկրաինացի ահաբեկիչների բոլոր հնարքներին, Ռուսաստանի ԱԴԾ-ի աշխատակիցներին հաջողվել է ժամանակին բացահայտել նրանց պլանները՝ հայտնաբերել և վնասազերծել Chevrolet մակնիշի մեքենայում խնամքով քողարկված պայթուցիկ սարքը, ինչպես նաև ձերբակալել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են մեր երկրի տարածք դրա տեղափոխման հարցում», – հայտարարել են ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ սա 2025 թ. ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից արդեն երկրորդ փորձն է՝ մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերով բեռնված մեքենաներ օգտագործել Ղրիմի կամրջի վրա դիվերսիաների համար։
Հետաքննության ընթացքում «ձերբակալվել են նախապատրաստվող հանցագործության մասնակիցներ, այդ թվում՝ վարորդը, որը տեղյակ չէր իր առաքելության մասին և պետք է «մահապարտ» դառնար նշված ավտոմեքենան Ղրիմի կամրջով թերակղզու տարածք վարելիս։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։