Ռամկավար Ազատական կուսակցությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Ռամկավար Ազատական կուսակցությունը ողջունում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը։

«Ամբողջ ազգովի մեր գերագույն ձգտումն է, որ հայրենիքում ապրող մեր քույրերն ու եղբայրները մշտապես կարողանան ունենալ ինքնիշխան ժողովրդավարության ազատությամբ օժտված, լիովին ապահով, խաղաղ, բարօր, արժանապատիվ և եռանդուն կյանք, ինչպես ունեն բոլոր առաջադեմ երկրների քաղաքացիները։ Վսեմ այս նպատակի կարևոր նախապայմաններից մեկն, անկասկած, այն է, որ մեր երկիրը մշտապես զերծ լինի ամեն տեսակի ռազմական սպառնալիքից։ Այս առումով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ, անկասկած, առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն էր օգոստոսի 8-ին ԱՄՆ Սպիտակ տանը ստորագրված եռակողմ հռչակագիրը։ Մեզ հասանելի առնչվող փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական Վարչությունը ողջունում է խաղաղության համաձայնագրի այս պատմական նախաստորագրումը, որը ներկայիս քաղաքական պայմաններում լավագույն հնարավոր տարբերակներից մեկն է։ Գովելի է հատկապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռազմավարությունը՝ ապահովելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական միջնորդությունն ու մասնակցությունը այս նշանակալի գործընթացին»,- նշված է հայտարարության մեջ։

Կուսակցության կենտրոնական վարչությունը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի հռչակագիրը , որը միտված է դառնալու մեր տարածաշրջանի խաղաղության, բարեկեցության և կայունության նախաքայլ, իրականում կհաջողի հայ ժողովրդի համար ապահովել կենսականորեն անհրաժեշտ անվտանգություն և տնտեսական վիճակի էական բարելավում, ինչպես նաև կբերի Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձին հայրենական բնօրրան, իսկ մինչ այդ՝ շուտափույթ և արդարացի հատուցման տրամադրմանը։

Տեսանյութեր

Լրահոս