
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վտանգը վերացված է, իսկ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով․քաղաքապետի խորհրդական

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի հետ կապված վտանգը վերացված է, իսկ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով աղբավայրում բռնկված հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
«Նուբարաշենի աղբավայրում օգոստոսի 8-ի կեսգիշերին բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգին անմիջապես արձագանքել է Փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչությունը։
Առավոտյան՝ օգոստոսի 9-ին, կրակն ամբողջությամբ մարվել էր։ Մասշտաբը մոտ 5 հեկտար էր, սակայն աղբավայրը ծխում էր ամբողջությամբ»,-նշեց Արեյանը։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետի հանձնարարականով անմիջապես մոբիլիզացվել են քաղաքապետարանի բոլոր ռեսուրսները։ Բացի այդ, հրդեհի մարման ու դրա հետևանքների վերացման աշխատանքներին 9 օր շարունակ աջակցություն են ցուցաբերել բոլոր վարչական շրջաններն ու մասնավոր կազմակերպություններ՝ իրենց համապատասխան տեխնիկայով ու անձնակազմերով։
«Օրական աշխատել է 20-22 միավոր տեխնիկա։ Հողի ծածկույթով տարածքը լցնելու համար պահանջվեց 9 օր։ Երեկվա դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել էր հողով։ Այս ընթացքում տարածք է տեղափոխվել 2450 մեքենա հող։ Փոքր աշխատանքներ են մնացել, որոնք ներկայում էլ շարունակվում են։ Երեկ Փրկարար ծառայությունը շուրջօրյա հերթապահություն նշանակեց։
Բոլոր ռեսուրսները կիրառվեցին շատ արդյունավետ, վտանգը վերացված է։ Այսօր շարունակում ենք հողի տեղափոխումը և հետագա օրերին ունենք պլանավորված աշխատանքներ»,-մանրամասնեց քաղաքապետի խորհրդականը՝ նշելով, որ տարածքում այժմ ծուխը վերացված է։
Նրա խոսքով՝ հարցի կարգավորման ուղղությամբ այս օրերի ընթացքում մշակվել են հստակ առաջարկություններ, գործողություններ, և քաղաքապետի հետ քննարկումից հետո կիրականացվեն համապատասխան գործողությունների։
ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանն էլ հավելեց, որ մինչև այսօր Նուբարաշենի աղբավայրի հրդեհի օջախների մարման համար մղվել է 22 հազար 35 տոննա ջուր, իսկ աշխատանքներին մասնակցել 430 փրկարար։
«Մինչ այս պահն այնտեղ մեր կողմից հերթապահություն է իրականացվում»,-ներկայացրեց Մելքոնյանը։