Բաժիններ՝

Դաժան բան է. ստացվելու է՝ ուսուցիչների մի մասը ստանալու է մեծ փող, մյուս մասին բարոյապես սպանելու են. կրթության փորձագետ

«Հանրակրթության ոլորտում ցանկացած փոփոխություն ուղիղ կապ ունի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ, ուստի հսկայածավալ աշխատանք է սպասվում, որովհետև եթե մենք այսօր դպրոցում ուսուցչի որակի փոփոխության մասին ենք խոսում, դա պետք է սկսվի Մանկավարժական համալսարանից, և այնտեղից դուրս եկող շրջանավարտը պետք է համապատասխանի այն պահանջներին, որակին, որն այսօր ուզում ենք տեսնել»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսումնական գործընթացների հարցով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը:

Նա նշեց, որ ԱԺ-ում հանրակրթության ոլորտում փոփոխությունների վերաբերյալ լսումներ են եղել, որոնց ընթացքում, ցավոք, բովանդակային փոփոխությունների մասը մի փոքր անտեսվել է, տնօրեններն ու ելույթ ունեցողները հիմնականում շեշտը դրել են ուսուցչի աշխատավարձի, դպրոցում տնօրենի աշխատանքի բաժանման խնդրի վրա:

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Տաթև Սարդարյանն էլ անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են ուսուցիչները նախ և առաջ կարևորում աշխատավարձի խնդիրը:

«Ոչ բոլոր ուսուցիչներն են, որ իրենց աշխատանքում առաջնային են համարում աշխատավարձը: Եթե իրականությանը համապատասխաներ, որ բոլոր ուսուցիչներն իրենց աշխատանքում ամենաառաջինը կարևորում են աշխատավարձը, հիմա դպրոցներում ավելի շատ ուսուցիչների պակաս կլիներ: Մենք ունենք նվիրյալ ուսուցիչներ, ովքեր շաբաթական 6-7 ժամ ծանրաբեռնվածություն ունեն, հատկապես՝ հիմնական դպրոցի բնագիտական առարկաների, «Հասարակագիտության», «Եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցիչները: Նրանք, այո՛, նվիրյալներ են, ինչպես նաև այն ուսուցիչները, ովքեր մեկ դրույք ծանրաբեռնվածություն ունեն և գրեթե նվազագույնի հասնող աշխատավարձ՝ չնայած նրան, որ եղած պահանջներին օրեցօր ավելանում են նոր պահանջներ, պատասխանատվության նոր շրջանակներ: Ուսուցչի բեռը ոչ թե թեթևանում է, այլ գնալով ծանրանում է, չնայած որևէ այլ աջակցություն չի լինում: Իր աշխատանքային պարտականությունները կատարելուց զատ, ուսուցիչը կարծես պատասխանատու է աշակերտի, ծնողի և նրանց քմահաճույքների ու ցանկությունների առաջ»,- նշեց Տաթև Սարդարյանը;

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ  անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագծին՝ ընդգծեց, որ առայժմ այն թղթի վրա է, սակայն որոշակի ռիսկեր կան:

«Որքան էլ տարօրինակ է՝ ես շատ մեծ ռիսկ եմ տեսնում կամավոր ատեստավորման հետ կապված փոփոխություններում, որտեղ նախարարությունն առաջարկում է բարձր դրույքաչափ սահմանել այն ուսուցիչների համար, ովքեր կանցնեն կամավոր ատեստավորումը: Խոսքը 200.000 դրամ բազային դրույքի մասին է, որը հավելավճարներով կդառնա 400.000 դրամ: Այստեղ ես որոշակի ռիսկ եմ տեսնում: Հիմա աշխարհում շատ մեծ բևեռացում կա, և մեր հասարակությունում, ու այս որոշմամբ մենք այս ծայրահեղ բևեռացումը տանելու ենք դպրոցներ:

Այսինքն, դպրոցում լինելու է ուսուցիչ, ով 22 ժամ դասավանդելուց հետո ստանալու է 80.000 կամ 108.000 դրամ աշխատավարձ՝ հարկերը մեջը, և լինելու է ուսուցիչ, ով 22 ժամի դիմաց ստանալու է 400.000 դրամ, որովհետև ինքը թեստը լավ է գրել կամ  համահեղինակությամբ մի տեղ էլ հոդված է տպագրել, ու դեռ հարց է, թե այդ հոդվածի քանի՞ տոկոսն է ինքը գրել:

Հիմա այստեղ խնդիրն այն է, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ ուսուցիչների գնահատման ծրագրերն աշխարհում, լավագույն դեպքում, չափում են ուսուցիչների կարողունակությունների 10-30 տոկոսը: Եթե հիմա համարենք, որ Հայաստանի ուսուցիչների գնահատման ծրագիրը լավագույնն է աշխարհում, թեև կամավոր ատեստավորումը ցույց տվեց, որ թեստերն այդքան էլ լավը չէին, հիմա մարդուն 30 տոկոսով գնահատելով՝ մենք ո՞նց ենք իրեն այդքան բարձր աշխատավարձ տալիս: Դպրոցներում առանց այդ էլ միջավայրը լավ չէ, հիմա մենք ուսուցիչների միջև խտրականություն ենք դնում: Այդ թեստերը հեշտությամբ կարող են հաղթահարել հայտնի դպրոցների ուսուցիչները, բայց եկեք տեսնենք՝ սովորական և հիմնական դպրոցներում աշխատող ուսուցիչների համար հե՞շտ են այդ ծրագրերը. Իհարկե ո՛չ: Խտրականության էլեմենտներ կան: Ես կողմ եմ, որ հավելավճարների սկզբունքը լինի, բայց եկեք այդքան չծայրահեղացնենք, որովհետև սա դաժան բան է: Ստացվելու է՝ ուսուցիչների մի մասը ստանալու է մեծ փող, մյուս մասին բարոյապես սպանելու են, ասելու են՝ դու այստեղ ցածր վճարվող ուսուցիչ ես, որովհետև թեստը չես հանձնել: Կամ` այն ուսուցչից, ում 400.000 դրամ ենք վճարում, արդյունք պահանջելո՞ւ ենք, թե՞ ասելու ենք՝ ոչինչ, կարող եք երկուսդ էլ հավասար արդյունք տալ»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս