ՀՀ ԱԳՆ-ն՝ Չավուշօղլուի հայտարարությունները հաստատողի դերում. Երևանն ու Անկարան ձգտում են բանակցությունների՝ առանց Մոսկվայի
Հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսության վերաբերյալ թուրքական կողմը կրկին մանրամասներ է ներկայացնում: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք նշանակված բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:
Նա մանրամասնել է, որ հայկական կողմն է ցանկացել, որպեսզի Մոսկվայում տեղի ունենա հանդիպումը։ Նա միաժամանակ ասել է, որ թուրքական կողմը հակված է, որպեսզի բանակցությունները տեղի ունենան ուղիղ՝ առանց միջնորդների, քանի որ բանագնացները նշանակվել են ուղիղ երկխոսության համար՝ առանց միջնորդների: Նրա խոսքով, կողմերը փոխայցելություններով և անմիջական շփումներով պետք է ճանապարհային քարտեզ մշակեն, հստակեցնեն հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը:
Թուրք նախարարը հերթական անգամ ընդգծել է, որ այս գործընթացում իր քայլերն Անկարան համակարգում է Բաքվի հետ:
«Մենք քննարկում ենք երկխոսության հաջորդ փուլերում ձեռնարկվող քայլերը: Հուսով եմ՝ Հայաստանը կմնա այս գծի մեջ, ազդակները դրական են, բայց գործնականում ենք ուզում տեսնել դա: Եռակողմ քայլեր էլ կարող են արվել»,- ընդգծել է նա:
Սրան հաջորդեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանի պարզաբանումը, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա, սակայն հաստատել էր նաև, որ քննարկվում է բանագնացների հանդիպում Մոսկվայում:
Ավելի վաղ Հունանյանը նաև նշել էր, թե Հայաստանը պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել առանց նախապայմանների և նույնպիսի մոտեցում է սպասում Թուրքիայից, ինչը թույլ կտա քննարկել Անկարայի կողմից միակողմանի փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը:
Նա նաև նշել էր, թե հայկական կողմը գտնում է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը երրորդ երկրների հետ հարաբերություներում առկա խնդիրներին որևէ կերպ պետք չէ փոխկապակցել։ Գործընթացի մեկնարկից սկսած, երբ Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան բանագնացներ կնշանակեն, Վահան Հունանյանը շարունակաբար հաստատում է Չավուշօղլուի հայտարարությունները և հայկական կողմին հետաքրքրող նորություն սպասվող գործընթացի մասին չի հայտնում:
Հայ-թուրքական հնարավոր երկխոսության օրակարգի ի հայտ գալուն պես 168.am-ը բազմիցս անդրադարձել է հայ-թուրքական երկխոսության բովանդակային հարցերին, նախապայմանների առկայության-բացակայության հարցին և կողմերի դիրքավորմանը: Սակայն ոչ պակաս կարևոր է նաև ուշադրություն հրավիրել երկխոսության ձևաչափի վրա, որը թույլ կտա ավելի պարզորոշ հասկանալ, թե դեպի ուր են շարժվելու հայ-թուրքական, այսպես կոչված, հարաբերությունները, և ինչ է ընդհանրապես դա նշանակելու Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո հայ-թուրքական «դրական ազդակների» փոխանակման փուլում պաշտոնական Մոսկվան հանդես եկավ միջնորդություն իրականացնելու պատրաստակամությամբ:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս ընթացքում մեկ անգամ չէ, որ նշել է, թե Մոսկվան պատրաստ է աջակցել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավմանը:
«Վերջերս մենք արձանագրեցինք Երևանի և Անկարայի միջև դրական ազդանշանների փոխանակումը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա»,- ասել էր Զախարովան:
Նրա խոսքով, երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը, հատկապես` «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ֆոնին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունների իրականացման համատեքստում»:
Այս հայտարարություններից որոշ ժամանակ անց՝ վերջերս, տեղեկատվություն եղավ, որ Երևանը խնդրել է Մոսկվային միջնորդել, և վերջինս պատրաստակամություն է հայտնել նպաստել գործընթացին:
Սրան հաջորդեց 3+2 տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով 5 երկրների ԱԳ փոխնախարարների հանդիպումը Մոսկվայում, ապա արդեն տեղեկություններն այն մասին, որ մեկնարկելու է հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսություն, որի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու հանձնառությունը ստանձնել է Անկարան:
ՀՀ արտաքին դիվանագիտական գերատեսչությունն իր գործունեության ամենաամոթալի օրերն է ապրում: Սա վերլուծության և փորձագիտական գնահատականների առանձին թեմա է, այս փուլում միայն արձանագրենք, որ ՀՀ ԱԳՆ-ն նման կարևոր գործընթացների ֆոնին մնացել է Անկարայի տարածած տեղեկությունները հաստատողի դերում:
Գաղտնիք չէ, ավելին, ամոթալի է, երբ ՀՀ գլխավոր դիվանագիտական կառույցը այնքան անկարող է, ապիկար, որ հայտնվել է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները պարզապես հաստատողի դերում, հայ հասարակությանը նույնիսկ չներկայացնելով որևէ լուրջ տեղեկատվություն սպասվող գործընթացների մասին:
Ավելին, հատկանշական է, որ հասարակությանը հայ-թուրքական գործընթացին նախապատրաստելու դերակատարությունը ստանձնել են Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանը:
Վերջիններս արդեն սկսել են հանրությանը նախապատրաստել հայ գործիչների Անկարա ու Բաքու այցերին, ինչպես նաև հայ-թուրքական բարձրաստիճան հանդիպումներին:
Դեռ մի քանի ամիս առաջ էր, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտնեց, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, ինչը հայկական կողմը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց: Եվ ներկայումս բանագնացների առաջին մոսկովյան հանդիպման կազմակերպման ֆոնին նախապատրաստվում են ուղիղ բանակցություններ՝ առանց Մոսկվայի:
168.am-ի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվան միջնորդել է նպաստել շփումների հաստատմանը, սակայն չի բացառվում, որ դրանք դուրս գան ռուսական վերահսկողության տիրույթից:
Ըստ մեր աղբյուրի, ի սկզբանե եղել է այդ մտայնությունը, սակայն Ռուսաստանի համար ավելի կարևորվել է տարածաշրջանի ապաշրջափակումը, որ առանց հայ-թուրքական որոշակի մակարդակի կարգավորման չէր կարող հնարավոր դառնալ:
«Նկատելի է Երևանի ու Անկարայի շահագրգռությունը՝ բանակցել ուղիղ, առանց Մոսկվայի, այսինքն՝ ռուսական միջնորդությունից ազատվելու են այս փուլում և սկսելու են բանակցել ուղիղ:
Եթե դա կարևոր չլիներ կողմերի համար, չէր էլ նշվի Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից, և ներկայացվում է հետևյալ կերպ, որ Երևանը ցանկանում է բանակցել Մոսկվայում, սկսվում է բանակցությունը Մոսկվայում, հետո տեղափոխվում է Անկարա և Երևան, ու Մոսկվան «խաղից» դուրս է գալիս: Չկանխատեսել, որ Փաշինյանն այդ ճանապարհով էր գնալու, չէր կարելի, դա կանխատեսված էր, բայց ոչ այնքան կարևոր էր Մոսկվայի համար այս փուլի համար, քանի որ գործընթացը, այնուամենայնիվ, շատ բարդ է լինելու: Մոսկվան այդ փոքր հարցերի մասին այլևս չի մտածում, քանի որ ունի տարածաշրջանի գլոբալ դիտարկում, համագործակցություն Թուրքիայի հետ, և եթե հայ-թուրքական երկխոսությունը չհաջողվի, դա վտանգելու է Մոսկվայի տարածաշրջանային շահերը և պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները: Ռուսաստանը չի ձգտում Հայաստանի արտաքին կապերի տոտալ վերահսկման, ինչպես կարող են շատերը կարծել, ՌԴ-ն իր գործն անում է, ունի ուժեղ ներկայություն տարածաշրջանում, մեր դիվանագիտության համար մեծ վտանգներ չենք տեսնում»,- մեզ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուր: