Ներկայումս էլ Անկարայի համար պատմական նարատիվի վերահսկումը դառնում է ոչ միայն ներքին, այլև լայն տարածաշրջանային ռազմավարության մաս. վերլուծաբան
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով աշխարհի տարբեր երկրներից մի շարք պետական և քաղաքական առաջնորդներ հանդես են եկել ուղերձներով։
Նրանք իրենց հայտարարություններում անդրադառնում են պատմական արդարության, հիշողության պահպանման և նման հանցագործությունների կանխման կարևորությանը՝ ընդգծելով, որ ցեղասպանությունների դատապարտումը պետք է լինի միջազգային համերաշխության առանցքային մաս։
Տարելիցը ևս մեկ առիթ է հիշելու զոհերին և վերաիմաստավորելու մարդկության առաջ կանգնած պատասխանատվությունը՝ անցյալի դասերը չմոռանալու և ապագայում նման ողբերգությունները կանխելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ X-ում գրառում է արել:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հանրապետությունը ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և խոնարհվում նրանց հիշատակի առաջ»,- նշված է նրա գրառման մեջ։ Ելիսեյան պալատի ղեկավարն ընդգծել է՝ սա առիթ է հիշելու, փոխանցելու և ընդգծելու Ֆրանսիայի և Հայաստանի, ինչպես նաև ֆրանսիացիների և հայերի միջև գոյություն ունեցող անքակտելի կապը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ուղերձ է հղել, որում նշվում է՝ անմեղ մարդկանց դաժան կոտորածը ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական ատելության, ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրումը։
«Համոզված ենք, որ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային բնաջնջման և տեղահանման քաղաքականությունն արդարացում չունի և չի կարող ունենալ, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի»,- նշել է Պուտինը:
Ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ կրկին հայտարարելով, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում:
Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում Էրդողանը գրել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ, ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել:
Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:
«Բախումի փոխարեն՝ նախընտրում ենք համաձայնությունը»,- գրել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում են բոլոր հայրենակիցների և բարեկամների հետ միասնաբար գործել և պայքարել՝ նկատի չունենալով նրանց ազգային և կրոնական պատկանելությունները:
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թուրքիայի ներկայիս քաղաքական գիծը ձևավորվում է միաժամանակ մի քանի առանցքների հատման կետում՝ ազգային ինքնության պահպանման, տարածաշրջանային ազդեցության ընդլայնման և ներքաղաքական կայունության ապահովման միջև։
Նրա խոսքով, այս համատեքստում պատմական հիշողության հարցերը, հատկապես Հայոց ցեղասպանության թեման շարունակում են մնալ պետական անվտանգության ու գաղափարական ամբողջության մաս։
Նա գտնում է, որ Անկարան թեև երբեմն բարձրացնում է պատմաբանների թեման, սակայն հարցը պատմագիտության շրջանակից դուրս է դիտարկում, այն քաղաքական գործիք է։
«Ժխտողականությունն այս քաղաքականության առանցքային բաղադրիչներից է, այն գործում է տարբեր մակարդակներում՝ կրթությունից մինչև դիվանագիտություն։ Այն թույլ է տալիս պահպանել հանրային կոնսենսուսը՝ խուսափելով քննարկումներից, որոնք կարող են վերանայել պատմությունը։ Միաժամանակ ժխտողականությունն ունի կանխարգելիչ բնույթ. փակուղի է ստեղծում իրավական պահանջների հնարավոր օրակարգի համար՝ նվազեցնելով միջազգային ճնշման հավանականությունը։ Այս տրամաբանությունն առավել հստակ և բացատրելի է դառնում, երբ այն դիտարկվում է «Թուրանի» գաղափարախոսության ֆոնին։
Թյուրքալեզու պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները՝ տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում, ենթադրում են միասնական պատմական ու արժեքային հիմքերի կառուցում և ընդլայնում։ 1915-ի քաղաքականությունը տրանսֆորմացվել և մեր օրեր է հասել, որպես «Թուրանի» ծրագիր, որի ճանապարհին Հայաստանն է։ Հետևաբար, ներկայումս էլ պատմական նարատիվի վերահսկումը դառնում է ոչ միայն ներքին, այլև լայն տարածաշրջանային ռազմավարության մաս»,- ասաց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ այս ամբողջ պատկերը ցույց է տալիս, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը պատահական կամ իրավիճակային ընտրություն չէ։ «Այն համակարգային մոտեցում է, որը միավորում է պետական ինքնության պաշտպանությունը, արտաքին քաղաքական հաշվարկները և ապագային միտված ինտեգրացիոն ծրագրերը։ Հենց այս շերտերի մեջ էլ ձևավորվում է Անկարայի կայուն դիրքորոշումը, որը, չնայած ժամանակի ընթացքում փոփոխվող ձևակերպումներին, շարունակում է մնալ իր բովանդակությամբ նույնը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Ռուս թուրքագետը կարծում է, որ Թուրքիայի այս կոշտ և հետևողական դիրքորոշման պահպանմանը որոշ չափով նպաստում է նաև Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հատկապես այն հատվածներում, որտեղ պատմական հիշողության, միջազգային ճանաչման և պահանջատիրության թեմաները երկրորդ պլան են մղվում հանուն կայունության կամ տարածաշրջանային դեէսկալացիայի։ «Ուստի այսօր թուրքական կողմից անհնար էր սպասել այլ արձագանք, սա տրամաբանական ու սպասելի էր»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։



