Բաժիններ՝

Դի Կապրիոյին, Տարանտինոյին և Աֆլեկին չեն սիրում. ասում են՝ «գժվել են»

Երեկ համաշխարհային կինոյում տեղի ունեցավ ամենամյա մի իրադարձություն, որը, սակայն, «ցնցեց» համաշխարհային հանրությունը: Այն պահից, երբ Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Օսկարի հավակնորդների ցուցակը, մշակութային հեղինակավոր կայքերը սկսեցին արտահայտել իրենց զարմանքը: Որոշ դեպքերում մարդիկ իրենց մեկնաբանություններում հայհոյանքներ էին թույլ տալիս կինոակադեմիկոսների հասցեին՝ ակնարկելով՝ իբր վերջիններս «գժվել են»: Պատճառն այն է, որ հանրության կարծիքով, Ամերիկյան կինոակադեմիայի նպատակն առաջին հերթին ռեկորդներ սահմանելն է, այլ ոչ թե՝ ֆիլմերն ըստ արժանվույն գնահատելը:

picture

Նախ, սկսենք հավակնորդներից: Լավագույն ֆիլմի համար պայքարում են 9 ժապավեն՝ Ստիվեն Սփիլբերգի «Լինքոլն»-ը (Lincoln), Էնգ Լիի «Պիի կյանքը» (Life of Pi), Բեն Աֆլեկի «Արգո»-ն (Argo), Միկաել Հանեկեի «Սեր»-ը (Amour), Քեթրին Բիգելոուի «Նպատակ թիվ մեկ»-ը (Zero Dark Thirty), , Թոմ Հուպերի «Թշվառները» (Les Misérables), Դևիդ Օ.Ռասելի «Իմ տղամարդը խելագար է»-ն (Silver Linings Playbook), Բեն Զայտլինի «Վայրի Հարավի գազանները» (Beasts of the Southern Wild) և Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» (Django Unchained):

Այս ֆիլմերից երեքը քաղաքական դրամաներ են, ընդ որում՝ ամերիկյան պատմությունը գովաբանող քաղաքական դրամաներ: «Լինքոլն»-ը պատմում է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի մասին: Աֆլեկի ֆիլմի հիմքում 1979թ. Իրանի հեղափոխության ժամանակ իսլամիստների կողմից ԱՄՆ դեսպանատան գրավման և 52 ամերիկացու գերեվարման պատմությունն է: Իսկ «Նպատակ թիվ մեկ»-ը ամերիկյան նորագույն պատմության մեջ ԱՄՆ-ի թիվ մեկ նպատակի՝ Օսամա Բեն Լադենին ոչնչացնելու գործողությունների մասին է:

Կարդացեք նաև

Այժմ անդրադառնանք համաշխարհային հանրության զարմանքներին:

Զարմանք թիվ 1: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում պայքարում են Էնգ Լին, Դևիդ Օ. Ռասելը, երիտասարդ և չճանաչված ռեժիսոր Բեն Զայտլինը, ավստրիացի մաեստրո Միկաել Հանեկեն և, իհարկե, Հոլիվուդի «հայրը»՝ Սփիլբերգը (ի դեպ, ըստ որոշ կանխատեսումների, այս տարի կարող է վերջինիս կարիերայի գագաթնակետը լինել, եթե նրա ֆիլմը հաղթող ճանաչվի): Ռեժիսորների ցուցակում բացակայում են միակ օսկարակիր կին ռեժիսոր Քեթրին Բիգելոուն, Քվենտին Տարանտինոն և Բեն Աֆլեկը, որն արդեն այս ֆիլմի համար արժանացել է ԱՄՆ տարբեր կինոքննադատների միությունների մրցանակներին: Իսկ Տարանտինոյին, ով այս անգամ ներկայացել է վեստեռն ժանրի ժապավենով, Ամերիկյան կինոակադեմիան այդքան էլ չի սիրում:

Զարմանք թիվ 2: Ավստրիական «Սեր» ժապավենը 2012թ. տարբեր անկախ կինոքննադատների կողմից ճանաչվեց լավագույնը, արժանացավ Կաննի փառատոնի և Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակներին: Սակայն քչերն էին սպասում, որ եվրոպացի ռեժիսորի ֆիլմը կներկայա 5 կարևոր Օսկարի:  Կինոակադեմիայի կանոնները թույլ են տալիս, որ ոչ անգլալեզու ժապավենը ներկայացվի գլխավոր մրցանակին, սակայն դա տեղի է ունենում շատ հազվադեպ՝ պատմության մեջ ընդամենը 9 անգամ, և դրանցից ոչ մեկը չի հաղթել: Բացի այդ, «Սեր»-ը ներկայացված է նաև «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում. իսկ սա ընդամենը 5-րդ դեպքն է Օսկարի պատմության մեջ:

Զարմանք թիվ 3: Դերասանուհիների ցուցակում բացակայում է ֆրանսուհի օսկարակիր Մարիոն Կոտիարի անունը: Վերջինս անցյալ տարի նկարահանվել էր Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» ժապավենում՝ հիանալի մարմնավորելով դելֆինների՝անդամալույծ վարժեցնողի կերպարը: Փոխարենը, լավագույն դերասանուհի կարող են ճանաչվել  9-ամյա Քուվենժանե Ուոլիսը («Վայրի Հարավի գազանները») և  85-ամյա Էմանուել Ռիվան («Սեր»): Առաջինը երբեմնի Օսկարի ներկայացված ամենաերիտասարդ դերասանն է, իսկ երկրորդը՝ ամենատարեցը:

Զարմանք թիվ 4: «Սուրոգատ» ֆիլմի գլխավոր դերակատար Ջոն Հոուկսը, ով արդեն տարբեր մրցանակների արժանացել է, ներկայացված չէ Օսկարի: «Լավագույն դերասան» անվանակարգում պայքարում են Խոակին Ֆենիքսը («Վարպետը»), Բրեդլի Կուպերը («Իմ տղամարդը խելագար է»), Հյու Ջեկմենը («Թշվառները»), Դենզել Վաշինգտոնը («Թռիչք») և Դենիլե Դեյ-Լյուիսը («Լինքոլն»): Ընդ որում, վերջինս կարող է կրկնել Ջեկ Նիկոլսոնի ռեկորդը՝ դառնալ եռակի օսկարակիր: Դեյ-Լյուիսն ըստ տրամադրության է նկարահանվում ֆիլմերում, սակայն նրա գրեթե յուրաքանչյուր դերակատարում արժանանում է մեծ մրցանակների: Նրան տարիներ շարունակ Սփիլբերգը խնդրել է մարմնավորել Աբրահամ Լինքոլնին, սակայն նա չի համաձայնել՝ պատճառաբանելով, որ դեռ պատրաստ չէ իրեն զգալ այդ անհատի դերում:

Զարմանք թիվ 5: Այն, որ Ամերիկյան կինոակադեմիան տանել չի կարող Լեոնարդո Դի Կապրիոյին, գաղտնիք չէ: Տարանտինոյի ֆիլմում նրա դերակատարումը ևս անտեսվեց: Իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում պայքարող բոլոր 5 դերասանները՝ Ռոբերտ Դե Նիրոն, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, Թոմի Լի Ջոնսը, Ալան Արկինը և Քրիստոֆ Ուոլցը, արդեն տանն ունեն օսկարներ:

Django-Unchained-28

 

Զարմանք թիվ 6: «Իմ տղամարդը խելագար է» կատակերգությունը ներկայացվել է 8 Օսկարի, այդ թվում՝ 4 դերասանները՝ Ջենիֆեր Լոուրենսը, Բրեդլի Կուպերը, Ռոբերտ Դե Նիրոն և Ջեկի Ուիվերը: 1982-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ֆիլմի դերասանները Օսկարի են ներկայանում դերասանական բոլոր 4 անվանակարգերում:

Իհարկե, այսքանով միջազգային կինո-հանրության զարմանքները չավարտվեցին, սակայն վստահաբար կարելի է նշել, որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը, որը թերևս միայն կինոակադեմիկոսներին է հայտնի: Դրանք կարող են ունենալ թե՛ սուբյեկտիվ, թե՛ քաղաքական և թե՛ «առևտրային» պատճառներ: Իսկ կինոսերներին մնում է միայն դիտել այդ ֆիլմերը և դատել ինքնուրույն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս