Ձմեռ է գալիս, դիմակով ավելի տաք կլինի, հեշտ կլինի շնչելը. Փաշինյան

«Բարեբախտաբար, մենք թվերի էական անկում ունենք,  և հիմա Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին»,- կառավարության նիստում անդրադառնալով համավարակային իրավիճակին՝ նշեց Նիկոլ Փաշինյանը, ապա պատասխանեց իր իսկ հնչեցրած հարցերին՝  ինչու և ինչպես պատահեց, որ թվերը սկսեցին նվազել

«Իմ դիտարկումը միանշանակ է.  նախ, իհարկե, դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց, բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ երբ լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն:

Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա որևէ կերպ մեր զգոնությունը չպիտի թուլացնի, որովհետև մենք արդեն տեսել ենք՝ վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում: Նաև՝ շատ կարևոր է արձանագրել, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու հարցում պետք է մենք մոտեցումներ և որոշումներ կայացնենք»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին՝ շեշտեց, որ ալիքի նվազմանը նպաստել է պատվաստումների ցուցանիշի բարձացումը, ապա տեղեկացրեց, որ մահվան թվերի նվազման ականատես կլինենք ալիքի նվազումից երկու-երեք շաբաթ հետո, որովհետև դեռ կան ծանր ընթացքով բուժառուներ:

«Իրականացվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 168 հազար 501 պատվաստում:

Առաջին դեղաչափն արդեն ստացել են 761 հազար 820 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ հատել է 406 հազար 681 քաղաքացի՝ ամբողջական՝ երկու դեղաչափով:

Ինչպես նշեցիք՝ մենք արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց վեց ամիսը արդեն լրացել է առաջին երկու դեղաչափը ստանալուց հետո,  և մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ այդ վերապատվաստումը»,- նշեց նախարարը:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը մանրամասնեց՝ վերապատվաստման հարցում չկա պարտադրանք. «Ոչ թե՝ պետք է, ոչ թե՝ կա պարտադիր պայման, այլ, այո, կարող են քաղաքացիները վեց ամիս հետո վերապատրաստվել, ստանալ այդ խթանիչ դեղաչափը, որն այս պահին էլ իրականացվում է. քաղաքացիները դիմում են»:

Հարցին էլ՝ եթե չվերապատվաստվեն,  սահմանափակումներ գործելո՞ւ են՝ պատասխանեց. «Ոչ, դեռ նման բան չի քննարկվում»:

Տեսանյութեր

Լրահոս