Պրովակացիա են անում. բացառված ա, որ ես ուսանողներին արգելեմ ցույցի գնալ (տեսանյութ)
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան եւ բուհերում ուսուցանվող նոր «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակ Էդիկ Մինասյանի 2008-ի հետընտրական շրջանում արված մի ձայնագրություն է այսօր հրապարակել ilur.am-ը, որտեղ ԵՊՀ ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ուսանողներին հայտարարում է, որ եթե նրանցից կամ դասախոսներից մեկը մասնակցի ցույցերին, ապա կհեռացվի համալսարանից: Իսկ ուսանողներից մեկի այն հարցին, թե «մի՞թե դա մեր սահմանադրական իրավունքը չէ», Մինասյանը այսպիսի պատասխան է տալիս. «Ի՞նչ սահմանադրական իրավունք»:
Հիշեցնենք` խոսքը ԵՊՀ պատմության ֆակուլտետի այն դեկանի մասին է, ում մեղադրում էին ակտիվիստ երիտասարդները Մարտի մեկը «Հայոց պատմության» դասագրքում կեղծելու, իրականությունը խեղաթյուրելու համար:
Galatv.am-ը Էդիկ Մինասյանից հետաքրքրվել է, թե արդյոք նա ծանո՞թ է այդ ձայնագրությանը և ինչո՞ւ է ուսանողներին արգելել գնալ ցույցերի: Ի պատասխան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը պատասխանել է.
«Ըտենց բան բացառված է, որ ես ուսանողներին արգելեմ հանրահավաքի գնալ, ո՞նց կարելի ա, էտի հնարավոր բան չի, էտի երբ ա՞ տեղի ունեցել: Թազա նոր բաներ են հորինել, եսիմ ինչ պրովակացիաներ են անում, դրանք ինչ պրովակացիաների ասես ընդունակ են: Բացառված ա, ով ա ըտենց բան հնարել, էտ ինչ բաներ են անում»: Էդիկ Մինասյանն ասել է նաև, որ ինքը ձայնագրության մասին ոչինչ չգիտի ու չի լսել, բայց չի կասկածում, որ «սարքել են»:
«Ա՜յ մարդ, ասա, թե ի՞նչ են ուզում ինձանից, ես չեմ հասկանում: Համալսարանը՝ մեր ֆակուլտետը ինտերնետ չունի, որ հիմա լսեմ: Ես չեմ հասկանում` էդ ինչ պատմություն են գլխիս սարքել, հաստատ պրովակացիա կլինի դա, որովհետև էդպես խնդիրների հետ ես՝ մանավանդ 2008 թվականին, ընդհանրապես կապ չեմ ունեցել….»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը խոստացել է արձագանքել այդ ձայնագրությանը՝ այն լսելուց հետո: