«Արցախում շատ մեծ բան եմ թողել, ես կեսս թողել եմ այնտեղ»․ 44-օրյա պատերազմի մասնակից Ռուբեն Փոթոյան

2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմը Փոթոյաններից խլեց իրենց կրտսեր որդուն՝ Ռոմանին, իսկ ավագ որդին՝ Ռուբենը, 4 օր շրջափակման մեջ լինելուց հետո հրաշքով փրկվել է։

Ռուբենը զորակոչվել էր 2019 թվականի հունվարին, ծառում էր Արցախում, նույն թվականի դեկտեմբերին ծառայության էր մեկնել Ռոմանը և էլի Արցախ՝ եղբոր մոտ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին խաղող էինք հավաքում, Ռոմանս զանգեց մամային, ասաց՝ կապերը լավ չի, մամ, կարող է անջատվի, հետո կզանգեմ, ու բառը բերանում անջատվեց, դա է եղել երեխու հետ վերջին խոսակցությունը։ Հոկտեմբերի 9-ին նոր իմացել ենք, որ իմ Ռոմանը զոհվել է, ամբողջ գյուղը գիտեր, բացի մեզանից․․․ Փետրվարի 16-ին նոր ԴՆԹ-ով երեխուս գտել ենք, փետրվարի 18-ին գյուղի գերեզմանոցում հուղարկավորել ենք։ Մեծ տղայիս էլ՝ Ռուբենիս, 2 ամիս շուտ զորացրեցին ախպոր համար։ Ռուբենս 4 օր շրջափակման մեջ է եղել Թալիշում․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց զոհված զինծառայողի հայրը՝ Արմեն Փոթոյանը։

Ռոմանի մայրը՝ Գոհար Հովակիմյանը հիշում է որդու զորացրվելու օրը, ասում է՝ բոլորը շատ տխուր էին․

«Պավեստկան մոռացել էր, սիրած աղջկա հետ եկան, որ վերցնեն, ասել էր՝ գիտե՞ս, այնպիսի տպավորություն է, որ էլ հետ չեմ գալու, մենք էլ ահավոր տխուր էինք․․․ Ես մտածում էի՝ Ռուբենս առաջին երեխաս է, Ռոմանիս ժամանակ արդեն ընտելացած կլինենք, բայց չէ․․․

Ես մինչև հիմա չեմ հավատում, գիտեմ՝ դեկտեմբերի 27-ին գալու է Ռոմանս․․․ Ես միշտ իր ներկայությունը զգում եմ, զգում եմ, որ ինքը տանն է, միշտ մեզ հետ է, ու ես միշտ սպասելու եմ իրեն։ Մտածում եմ, որ ինքը գնացել է ինչ-որ հեռավոր մի տեղ, լավ կյանքով ապրում է, ես չեմ ընդունում, որ չկա Ռոմանս․․․»։

Ռոմանի եղբայրը՝ Ռուբենը, նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից է, 4 օր շրջափակման մեջ է գտնվել: 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նախապես տեղեկացրել էին սպասվող պատերազմի մասին։ Հիշեց, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ վերկացից առաջ, թշնամին հարվածել է զորամասի ուղղությամբ, որից հետո տագնապով տեղափոխվել էին Մատաղիս, մոտ 2 ժամ այնտեղ մնալուց հետո հրաման է եղել՝ գնալ Թալիշ․

«Վերջին անգամ, որ ախպորս տեսել եմ, այդ մեքենան նստելուց է եղել ու դաժե ինքն էր ինձ դուխ տալիս, ոնց որ ինքն ավելի շատ ծառայած լիներ, քան ես։ Տարբեր մեքենաներով էինք գնում, մինչև մենք մեր զենքերը տեղավորեցինք մեքենայի մեջ, Ռոմանենց մեքենան արդեն գնացել էր, ու մոտ 10 րոպեի տարբերությամբ մենք շարժվեցինք․․․ Ճանապարհին շատ արագ էին քշում, որովհետև անընդհատ ռմբակոծում էին, մինչև հասանք տեղ, Ռոմանենք արդեն մեքենայից իջել էին, հրամանատարը նռնակաձիգներին բարձրացրել էր վերև՝ ավելի հարմար դիրք, որտեղից մարտ սկսեին, ու հիշում եմ միայն այն պահը, որ մեքենայից իջել եմ, զգում էինք, որ տանկ էր գալիս, բայց չէինք պատկերացնում, որ թշնամունն է, մտածում էինք՝ մերն է։

Տանկը դիք էր բարձրանում, երբ բարձրացավ և ուղղվեց, դրոշը տեսանք, որ մեր տանկերը չեն, ու սկսեցին կրակել, ամեն մեկս, որտեղ հասցրեց՝ փոքր խրամատ, փոսի մեջ, ով ոնց կարողացավ, որ ուղղակի այդ պահին փրկվի, որովհետև մարդ կար, չհասցրեց մեքենայից էլ իջնել․․․ Դրանից հետո բարձրացել ենք հետնահանջի խրամատ, թշնամին մեր մեքենաները տանկերով պայթեցրեց ու գցեց ձորը․․․ Մեր շատ տղերքից, որ մեքենայից իջել ու չէին հասցրել դիրքավորվել, խփել էին․․․»։

Այս դեպքից մի քանի օր անց, երբ տարբեր դիրքերից անձնակազմն իջել էր, բայց Ռոմանը նրանց մեջ չէր, Ռուբենն իմանում է, որ եղբայրը զոհվել է․

«Ես տուն էի գալիս, բայց գիտեի, որ Արցախում շատ մեծ բան էի թողել, ես կեսս թողել եմ այնտեղ, դա այն գալը չէր, ես ուղղակի չէի ուզում գայի, չէի կարողանում այդ մասին ոչ մեկին ասել, այդ բառն իմ բերանից մինչև հիմա էլ դուրս չի եկել․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս