Արդյոք անիծո՞ւմ է Սուրեն Պապիկյանը ռուսի ոտքը մեր սուրբ հողում պնդացնող Նիկոլ Փաշինյանին
Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակից Սուրեն Պապիկյանը:
Իշխանական պատգամավորներից՝ Գագիկ Մելքոնյան, Հովիկ Աղազարյան, շտապեցին արձագանքել, թե ի տարբերություն Կարապետյանի՝ Պապիկյանը ՌԴ գեներալիտետից կաշկանդվածություն չունի:
Կաշկանդվածություն չունենալը վատ բան չէ, բայց նայած որ դեպքում և ինչ տեսանկյունից հարցին մոտենալ, ավելին, ով է ասողը:
Նման գնահատականը իշխանական շրջանակներից լսելը, մեղմ ասած, ծիծաղելի է, երբ Արցախի և ՀՀ անվտանգությունները, ըստ էության, հանձնել ենք ռուս խաղաղապահներին, ընդլայնել ռուսական ռազմական, սահմանապահ ներկայությունը մեր երկրում, երբ առանց նրանց անգամ մեր զինվորի դիակը չենք կարողանում Բաքվից վերադարձնել հայրենիք:
Իշխանական նշված պատգամավորները միգուցե նկատի ունեն Սուրեն Պապիկյանի երբեմնի արտաքին քաղաքական նախասիրությո՞ւնը:
2015-ի սեպտեմբերին Պապիկյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ «չլիներ էն սհաթը, որ Ռուսաստանի անիծյալ ոտքը մտավ մեր սուրբ հողը»:
Հետաքրքիր է՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ այս կարծիքի՞ն է, արդյոք անիծո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին, որ մտցրեց ռուսի ոտքն այնտեղ, որտեղ չկար, թե՞ դարձել է ռուսահպատակ, ինչպես Մաքսային միության դեմ խոսող և 2016-ին ՌԴ-ին պատերազմի մեջ հրահրող իր քաղաքական ղեկավարը, որը գուցե հարմար առիթի դեպքում նորից ընդգծված և հրապարակային հակառուս դառնա:
Երկրորդ՝ բանակում բարեփոխումները դեռ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի օրոք սկսել էինք ՌԴ-ի աջակցությամբ: Ավելին, երբեմնի հակառուս, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հայտարարել է՝ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի օգնությամբ հզոր բանակ կառուցել:
«Մեր տեսակետից, վերջին տասներկու տարվա ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերի բարեփոխումներն ամենահաջողներից մեկն են. բանակի արդիականացումը և օպտիմիզացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը, ժամանակակից զենքերը Ռուսաստանին օգնել են շարունակել ունենալ աշխարհի ուժեղագույն բանակներից մեկը: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ մենք կանցնենք այս ճանապարհը և հայկական հզոր բանակ կկառուցենք»,- գարնանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր նա:
Բանակում բարեփոխումների ռուսական գիծը շարունակել էր նաև Արշակ Կարապետյանը, ում ՌԴ նախարար Սերգեյ Շոյգուն սպառազինության մատակարարման հստակ խոստում էր տվել, ինչն առաջացրել էր Ադրբեջանի դժգոհությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նրան դաշույն էր նվիրել՝ ասելով.
«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին պաշտոնանկ արված Արշակ Կարապետյանը ՊՆ պաշտոնում նշանակվել էր օգոստոսի 2-ին, մոտ մեկ շաբաթ հետո՝ օգոստոսի 10-ին, Արշակ Կարապետյանը Սերգեյ Շոյգուի հրավերով մեկնել էր Մոսկվա: Իր պաշտոնավարման ընթացքում նա առնվազն 4 անգամ, ըստ պաշտոնական հայտարարությունների, այց է կատարել Մոսկվա: Կարապետյանի վերջին այցը ՊՆ կարգավիճակում եղել է նոյեմբերի 9-ին:
Պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը դեռ մեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ, այն տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ մարտական վերջին մարտական գործողությունների ֆոնին:
Ի դեպ, հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում»:
Ռուսական կողմի հաղորդագրության մեջ գերիների մասին որևէ խոսք չկա.
«Сергей Шойгу призвал обе стороны прекратить действия, провоцирующие эскалацию обстановки».
Բայց սա չի խանգարում, որ հայ ռազմագերիների վերադարձն ակնկալենք գեներալ Մուրադովից: Մտքում ռուսին կամ նրա ոտքը մեր սուրբ հող մտցնողին մտքում անիծելով, թե՞ չանիծելով, այլ հարց է: Հարց է նաև՝ արդյոք իր քաղաքական ղեկավարի օրինակով Սուրեն Պապիկյանը բանակում բարեփոխումները կսկսի իր զրոյական կետի՞ց, թե՞ անկաշկանդ կշարունակի իր նախորդների բարեփոխումների ռուսական գիծը: