Չկրակելու հրաման չտալ, չի նշանակում՝ կրակելու հրաման տալ. Փաշինյանի հաշվարկված բառախաղի հետքերով
Նոյեմբերի 17-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»:
Եթե Փաշինյանի այս հայտարարությանը նայենք ուղիղ, առաջին՝ կարող ենք ի հակադրում՝ հիշեցնել հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում արած նրա հայտարարությունը՝ «ես եմ տվել զորքի հետքաշման հրամանը Սյունիքից, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»:
Իհարկե, իրեն ապահովագրելու համար Նիկոլ Փաշինյանն ասել էր նաև, որ քննարկում է եղել, այսինքն, Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները ներկա են եղել դրան, միանձնյա որոշում չի եղել:
Երկրորդ՝ մայիսի 28-ին Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին՝ նշել էր․
«ԽՍՀՄ քարտեզներ հրապարակվեցին, բոլորս տեսանք, որ սահմանի վերևի մի հատվածն անցնում է ջրի միջով՝ 20-30 տոկոս: Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք՝ եթե, իրոք, այդպես է, ասենք՝ հա՞, թե՞ ասենք՝ Սև լճի այդ 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու։ Ո՛չ, այդպես չի լինում ուղղակի, մենք չենք գնալու իրավիճակի սրման ճանապարհով, այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով»:
Ի դեպ, օգոստոսի 22-ին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիներին հեռացնելուն, ասել էր՝ «ջանքեր են գործադրվում, մասնավորապես, դիվանագիտական դաշտում»:
Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ամիսներ շարունակ պնդում էր, որ ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներխուժած ադրբեջանցի 1000 զինծառայողներին հեռացնելու են և խնդիրը լուծելու քաղաքական դիվանագիտական ճանապարհով՝ առաջարկելով զորքերի հետքաշում Սոթքից մինչև Խոզնավար, ՌԴ կամ միջազգային ուժերի տեղակայում և սահմանազատման գործընթացի մեկնարկ:
Փաշինյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությանը հակադրող այլ օրինակներ էլ կարող ենք բերել և համարել, որ գործ ունենք ինքնախոստովանության հետ: Եվ, որ պատեհ առիթի կարող ենք ականատեսը լինել աստվածաշնչյան հայտնի պատմության կրկնության, երբ Պիղատոսը հարցնում է Քրիստոսին՝ «Դո՞ւ ես Հրեից թագավորը», նա պատասխանում է՝ «Դու ասացիր»»:
Փաշինյանի թիրախում դարձյալ հրամանատարներն են. ինչ է ասում օրենքը
Բայց եթե Փաշինյանի վերը նշված հայտարարությանը փորձենք ստուգաբանորեն մոտենալ, ապա կտեսնենք, որ դարձյալ գործ ունենք հրամանատարության վրա ստեղծված իրավիճակի մեղքը բարդելու փորձի հետ, որովհետև «ի բնե հնարավոր չի այնպիսի բան….» ասելով՝ Փաշինյանն այլ կերպ ասում է՝ օրենքով նման բան չի կարող լինել, իսկ լինելու դեպքում….
ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք-օրենքի հոդված 11-ը սահմանում է.
«Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`
– պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
– զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով»:
Այնուհետ հոդված 12-ում շարունակվում է.
«Զենքի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշացում այն գործադրելու մտադրության մասին: Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման դեպքում, մարտական տեխնիկայի, փոխադրամիջոցների, թռչող սարքերի օգտագործումով հարձակման դեպքում…»:
Ըստ այս հոդվածի՝ «զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին)»:
Իսկ միանձնյա ղեկավարման մասին հոդված 31-ում նշվում է.
«Միանձնյա ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման, ղեկավարման և զինծառայողների փոխհարաբերության սկզբունքներից մեկն է: Դա հրամանատարին (պետին) իր ենթակաների նկատմամբ ողջ կարգադրողական իշխանությամբ օժտելն է և նրա վրա պետության հանդեպ անձնական պատասխանատվություն դնելը զորամասի, ստորաբաժանման և ամեն մի զինծառայողի կյանքի ու գործունեության բոլոր կողմերի համար:
Միանձնյա ղեկավարությունը դրսևորվում է հրամանատարի (պետի)` իրադրության համակողմանի գնահատումից ելնելով` միանձնյա կերպով որոշումներ ընդունելու, օրենքներին ու զինվորական կանոնադրություններին խստիվ համապատասխան հրամաններ արձակելու և դրանց կատարումն ապահովելու իրավունքի մեջ:
Հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն»:
Օրենքով հրամանը կարող է տրվել գրավոր, բանավոր, կապի տեխնիկական միջոցներով` մեկ զինծառայողի, զինծառայողների խմբին կամ զորամասին (ստորաբաժանմանը):
Բայց ըստ հոդված 39-ի, հրամանատարը (պետը), նախքան հրաման տալը, պարտավոր է համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար:
Հրամանատարը պատասխանատվություն է կրում տրված հրամանի և դրա հետևանքների համար, օրենսդրությանը հրամանի համապատասխանության համար, ինչպես նաև տրված հրամանում պաշտոնի չարաշահման կամ ծառայողական լիազորությունների գերազանցման դեպքում և հրամանի կատարման գործում միջոցներ չձեռնարկելու համար:
Հրամանը պետք է ձևակերպվի հստակ, թույլ չտա երկիմաստություն և չպետք է կասկածներ հարուցի ենթակայի մեջ:
«Պաշտպանության մասին» մասին օրենքի 15-րդ հոդվածում էլ նշվում է.
«Զինված ուժերի կողմից ռազմական սպառնալիքներին դիմակայման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ընդ որում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախապես ստանալով պաշտպանության նախարարի հաստատումը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հնարավորին չափ արագ իրազեկելով նրան կայացրած որոշման մասին, կարող են որոշում կայացնել զինված ուժերի սահմանափակ, անհետաձգելի, արագ արձագանքման և (կամ) հատուկ առաջադրանք կատարելու նպատակով առանձին ստորաբաժանումների և միջոցների օգտագործման վերաբերյալ:
Այդպիսի որոշումների կայացման, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանած պարբերականությամբ և կարգով:
Անմիջական պատասխան գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության, զինված հարձակումը կասեցնելու և (կամ) դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը կանխելու անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման գործողությունների մասին որոշումը կայացնում է տեղում գտնվող ամենաբարձրաստիճան հրամանատարը` նախապես համաձայնեցնելով այդպիսի որոշումներն ըստ վերադասության, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում զեկուցելով վերադաս ղեկավարությանը կայացրած որոշման մասին:
Բոլոր նման դեպքերում ձեռնարկվող քայլերը պետք է լինեն համաչափ և սահմանափակվեն անմիջական վերահաս վտանգը կանխելու նպատակով»:
Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը դարձյալ զինվորականներին մեսիջ է ուղարկել, որ պատեհ առիթի դեպքում, չի բացառվում՝ մեղավորներ գտնվեն, ինչպես դա տեսանք պատերազմից հետո՝ կապված պատերազմական տարբեր դրվագների հետ, թե իբր չի իմացել, սխալ են զեկուցել:
Արշակ Կարապետյանի կրակելու հրամանը և քաղաքական պահի հրամայականը
Օգոստոսի 5-ին ՊՆ կոլեգիայի նիստում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը կրակելու հրաման էր տվել։
Ըստ ստացված տեղեկությունների, Արշակ Կարապետյանը հրամայել էր անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նաև նախազգուշացրել էր, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են։Սրանից հետո, սակայն, Ադրբեջանը շարունակեց ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ «պոկել» և վերահսկողության տակ առնել:
Ինքը՝ Փաշինյանն էր օրերս խոստովանել, որ մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: Այլ հարց է, որ Փաշինյանը համարում է, որ սրանով բալանս չի խախտվել, ինչը, ռազմական և սովորական տրամաբանության տեսանկյունից, մեղմ ասած, ծիծաղելի է:
Եթե հիմք ընդունենք «Պաշտպանության մասին» մասին օրենքը, ըստ որի՝ զինված ուժերի արագ արձագանքման և հատուկ առաջադրանք կատարելու նպատակով առանձին ստորաբաժանումների և միջոցների օգտագործման վերաբերյալ որոշումների կայացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարը զեկուցում է վարչապետին, ապա հարց է ծագում՝ Արշակ Կարապետյանը տեղեկացրե՞լ էր Փաշինյանին համապատասխան մտադրության մասին, ի՞նչ մտադրություն էր, և ի՞նչ է ի պատասխան ասել Փաշինյանը: Այսինքն, անհրաժեշտ է հասկանալ՝ նրանցից ո՞վ է հիմնական մեղավորը վերջին օրերին ստեղծված իրավիճակի համար, ո՞վ՝ պակաս մեղավոր: Եվ հիմա Արշակ Կարապետյանը ՀՀ սահմանները պաշտպանելո՞ւ, թե՞ չպաշտպանելու հրամանի համար ազատվեց պաշտոնից:
168.am-ն անդրադարձել է Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան տարաձայնությունների պատճառներին, որտեղ, ըստ էության, պարզ է դառնում, որ Արշակ Կարապետյանը չի համաձայնել առաջ քաշել Փաշինյանի օրակարգը՝ նրա իսկ ուզած մասշտաբով:
Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը, որի տրամաբանության համատեքստում էլ թույլ են տրվում հայկական դիրքերի կորուստները:
Ի դեպ, նոյեմբերի 17-ին ԱԺ-ում, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հաստատել էր մեր պնդումը՝ կարևորելով ՊՆ կարգավիճակում սեփական քաղաքական թիմակցի լինելը: Այլ կերպ՝ Արշակ Կարապետյանի դեպքում, թերևս, վստահության խնդիր է եղել: Կարապետյանը, ինչպես հայտնի է, համարվում էր ռուսական կողմնորոշման գործիչ:
Հիշեցնենք, որ 2018-ին համացանցում մի տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը տարօրինակ համարում, որ պատժվելու փոխարեն՝ Արշակ Կարապետյանն անցել է այլ աշխատանքի։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը հղում էր անում որոշ տեղեկությունների, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցորդ է։
Ի դեպ, ճակատագրի հեգնանքով Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Կարապետյանին ԶՈւ սպայակազմին վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում հենց Արայիկ Հարությունյանն էր ներկայացրել: Ամեն դեպքում, հնարավոր է, որ Փաշինյանի քաղաքական թիմում հետագայում էլ ներքին դժգոհություններ են եղել Կարապետյանի հետ կապված:
Եվ եթե Կարապետյանի ազատման պատճառն ի վնաս նրա իսկ վարկանիշի է, գուցե հարմար առիթի դեպքում Փաշինյանը «գաղտնազերծումներ» անի, ինչպես տեսանք ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեպքում: Եթե, իհարկե, այդպես է:
Վերադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «հնարավոր չի, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման», առանց ստուգաբանության շեշտենք՝ չկրակելու հրաման չտալ, չի նշանակում՝ կրակելու հրաման տալ: Այնպես որ՝ հնարավոր հանցանքի չափն այս դեպքում ավելի փոքր չէ: