Վտանգը մեծանում է. ադրբեջանցիները Սիսիանի Նորավանից հեռու են 10 կմ. «Փաստինֆո»

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել չորս մարտական դիրքերից: Դեպքը տեղի է ունեցել Սիսիանի «Պալիգոնների» մոտակայքում, որի հարևանությամբ գտնվում է Սիսիանի շրջանի Նորավան գյուղը։

Վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ադրբեջանական կողմն առաջացել է՝մոտ 2 կմ-ով։

«Ինչքան մոտենում են, այնքան վտանգը մեծանում է։ Սարսափելին այն չէ, որ մեր գյուղի մոտակայքում են, այլ այն, որ մեր երկրում են։ Կապ չունի՝ որ տարածքում։ Հստակ կիլոմետրով չեմ կարող ասել, բայց առաջացել են մոտ 1-2 կմ։ Մայիսից դեռ մտած էին այդ տարածքում՝ 3-4 կմ-ի չափով»։

Մինչև 2 կմ-ով կրկին առաջացած ադրբեջանցիները գտնվում են Նորավան գյուղից, ընդամենը մոտ 10 կմ հեռավորության վրա։ Դիրքերից հետ քաշվելուց հետո, ըստ Պապյանի, հայկական տեխնիկայի մեծ մասը հանվել է, մեկ-երկուսը՝ մնացել։ Տարբեր տեղեկություններ կան նաև մնացած ռազմամթերքի մասին, սակայն վարչական ղեկավարը չցանկացավ մեկնաբանել։

«Ինչ- որ նեղ արանք է եղել։ Մեր պոստերը տեղադրված են եղել երկու կողմից՝ իրենց տեղադրված պոստերի արանքում»։

Պապյանը խուսափում է խոսել ռազմական թեմայից, սակայն հայտնեց, որ գյուղում երեկ կրակոցներ չեն լսել։

Նրա փոխանցմամբ՝ գյուղից կան նաև ծառայողներ, ովքեր դեպքի վայրում են եղել։Վարչական ղեկավարը եւս՝ դեռ մայիսին հերթապահել է նույն դիրքերում։

«Խնդիրը միայն անմիջապես մեր գյուղի հետ չի կապված։ Չնայած մեր տարածքներն են։ Ի վերջո, այդ հարցերը պետք է լուծվեն ու դա ես չպետք է անեմ։ Պետք է պետական որոշում կայացվի։ Անհատապես չպետք է լինի, այլ կազմակերպված ու նպատակադրված։ Իմ համար սիրտ ճաքեցնելու աստիճան ծանր է, երբ նայում եմ տարածվող վիդեոները։ Ինչ վիճակ է ու դա առաջին դեպքը չի, որ տեսնում ու լսում ենք։ Սա շատ ծանր է, շատ բարդ է, բացատրությունը ես չպետք է տամ»։

Պապյանը նշեց, որ պետք էր ամրաշինական աշխատանքներ իրականացնել ու ամեն հնարավոր ու անհնար ձևով այնպես անել, որ ադրբեջանական կողմը ՀՀ սուվերեն տարածք չներխուժեր՝ մինչև պաշտոնական սահմանազատումն ու սահմանագծումը։

«Մենք բավականին ժամանակ ունեինք դիրքերը ամրացնելու համար։ Երկրորդը՝ պետք է, ի վերջո, հասկանանք, որ եթե խոսքը պետական սահմանին է վերաբերում, ապա կոնկրետ քայլեր պետք է արվեն։ Եթե սահմանազատում ու սահմանագծում չի արվել, չի որոշվել ո՞ր թվականի քարտեզով է արվելու, այդ դեպքում մենք սահման չունենք, ուրեմն որտեղ ուզեն, մտնե՞ն։ Այսինքն՝ ինչ-որ դիրքորոշում պետք է ունենանք։ Գոնե սովետի քարտեզը վերցրու, ասա էս կողմով չես անցնելու, հետո պաշտոնական կանենք, եթե կհասնի քեզ, էդ ժամանակ կորոշվի։ Այսօր ամբողջ բարձրունքներին տեր են կանգնել»։

Վարչական ղեկավարը հավելեց, որ այս քայլերից ենթադրվում է մի բան՝ ադրբեջանական կողմը առաջ է քաշում «միջանցքի» հարցը։

«Իրենք ճանապարհ չեն ուզում, միջանցք են ուզում։ Այսինքն` ուզում են իրենք վերահսկեն, դա էլ պարզ է՝ ինչ է նշանակում։ Իսկ եթե միայն ճանապարհի խնդիրն է, չնայած ես ազգայնական եմ, դեմ չեմ, մաքսակետ դնենք, գնան, գան, բաց միջանցք կոչվածն այլ բան է»։

Պապյանի փոխանցմամբ՝ գյուղի բնակիչները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին, կամավորները միշտ պատրաստ են պաշտպանել գյուղը։ Նորավանը «ռազմականացված գյուղ է»։ Գյուղում սահմանային հատվածում սադրանքներ պատերազմի ավարտից հետո գրեթե չեն եղել։

«Մեր մոտ հիմնական սահմանը հսկայական է։ Դրանք արոտավայրերի ու խոտհարքների հետ են կապված։ Փառք Աստծո, բնակավայրերից հեռու են։ Խնդիրը անասնապահների հետ պետք է լինի՝ առաջանալու դեպքում, բայց գյուղացիները այդքան հեռու չեն գնում, որ խնդիր առաջանա։ Նույնը մեր հարևան գյուղում է՝ սահմանն այնտեղ է շարունակվում»։

Բնակիչները ձգտում են որքան հնարավոր է գյուղին մոտ տարածքներում կենդանիներին արոտի տանեն՝ ադրբեջանական զինծառայողների հետ ուղիղ շփումներից խուսափելու համար։

Տեսանյութեր

Լրահոս