Ապագա կա՛, Հայաստան չկա՛
Կիրակի օրը Հայաստանի ինքնիշխան տարածքում արդեն երկրորդ ադրբեջանական մաքսակետի տեղադրումից, ու դրանից ժամեր առաջ՝ մի քանի հենակետեր Ադրբեջանին հանձնելուց հետո պաշտոնանկ արվեց Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ում փոխարինեց ոչ ավել, ոչ պակաս․․․ Սուրեն Պապիկյանը՝ մարդ, ում զինվորական ծառայությունը նշանավորվել է վերադասի հետ ռազբորկայով և պաշտոնական կենսագրության մեջ թաքցված դատվածությամբ։
Նիկոլ Փաշինյանն այսպիսով զոհաբերեց հերթական քավության նոխազին՝ ցույց տալով, իբրև թե դիրքերն առանց կրակոցի ու նահանջով հանձնվել են ոչ թե իր, այլ Արշակ Կարապետյանի հրամանով։ Սա, իհարկե, էժանագին տեխնոլոգիա է, քանի որ ոզնուն էլ պարզ է, որ երկրում, որտեղ ամեն ինչ որոշում է մի մարդ, չեն կարող ռազմավարական նշանակության դիրքեր հանձնվել որևէ պաշտոնյայի, անգամ՝ Պաշտպանության նախարարի հրամանով։
Արշակ Կարապետյանին, ինչպես ընդունված է ասել, իհարկե, «հասնում է», քանի որ մինչև պաշտոնանկության պահը նա հլու-հնազանդ կատարել է Հայաստանի կապիտուլյացման բոլոր հրամանները։ Բայց տվյալ դեպքում խնդիրն Արշակ Կարապետյանի անձը չէ և ոչ էլ անգամ այն, որ նրա փոխարեն Պապիկյանին նշանակելով՝ հերթական խոշոր հարվածն է կատարվում բանակի ուղղությամբ՝ ավելի արագացնելով զինված ուժերի կազմալուծումն ու հեղինակազրկումը։
Ավելի կարևոր է այն, որ Արշակ Կարապետյանի պաշտոնանկությամբ և մի քանի դիրքերի հանձնումը նրան վերագրելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրենից մաքրել ՀՀ ինքնիշխան տարածքում արդեն երկրորդ ադրբեջանական մաքսակետը տեղադրելու, Հայաստանի տարածքից ևս մեկ կտոր Ադրբեջանին հանձնելու մեղքը, որն արդեն անձամբ իր բազմահատորանոց մեղքերի հաշվեկշռում է։ Իրականում նա բանավոր պայմանավորվածությամբ, առանց որևէ իրավական ու ինստիտուցիոնալ հիմքի, Ադրբեջանի հետ իրականացնում է սահմանազատում ու սահմանագծում, բայց այդ գործընթացում նա ներկայացնում է ոչ թե՝ Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի շահերը, քանի որ մինչ այս պահը գործընթացն իրականանում է Ադրբեջանի ցանկությունների բավարարման տրամաբանությամբ։
Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարության նիստում բառացիորեն հայտարարում է. «Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը… Ադրբեջանի երեկվա որոշումից հետո, ի դեպ, իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով, առանց լրացուցիչ մաքսատուրքի»։ Ալիևը որոշում է, ծանուցում է, Նիկոլը կատարում է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու ու այդ գործընթացը շարունակելու է՝ մինչև իր ցանկացած վերջին թմբի ստացումը։ Ասում են, այդ թվում՝ Ամուլսարի ոսկու հանքը:
Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում կարող է զոհաբերել նոր քավության նոխազների, ասենք՝ ամեն մի նոր մաքսակետի, ճանապարհների դիմաց հերթական պաշտոնյայի ազատելով… Բայց մի օր քավության նոխազները վերջանալու են ու գալու է Նիկոլ Փաշինյանի՝ քավության նոխազ դառնալու ժամանակը։ Դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ իրեն իշխանության պահող դաշնակցային ու թշնամական բևեռներից կազմված աշխարհաքաղաքական ուժերն իր անելիքն ավարտված համարեն։
Եվ քանի դեռ դա տեղի չի ունենում, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը դեռ հանձնելիք ունի։ Հազարավոր կյանքեր խլած նրա իշխանության ամեն մի օրվա համար Հայաստանն արդեն վճարում է տարածքներով։ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է «Ապագա կա, չկա Հայաստան» կարգախոսը, որի երկրորդ մասի վերաբերյալ, սովորության հանգույն, խորամանկորեն լռել է ընտրությունների ժամանակ։
Հարություն Ավետիսյան