Հարության տոնին ձվի շուկայի պահանջարկը կապահովենք. Ձվի գինը բարձրացել է փետրվարին, կերը, հոսանքն ու գազը միանգամից թանկացան». Սերգեյ Ստեփանյան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, այս տարի նշվում է ապրիլի 5-ին:
Հայաստանում սովորաբար Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ ձվի շուկայում նկատվում է գնաճ, արդյո՞ք այս տարի ևս գնաճ կլինի, առհասարակ ի՞նչ իրավիճակ է ձվի շուկայում։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյան խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, այս տարի շատ չնչին պակաս կա տեղական արտադրողների կողմից, սակայն օրվա պահանջն ամբողջովին ապահովում են։
«Ամռանը՝ հուլիս-հունիս ամիսներին, եղան լուրջ վնասներ, այսինքն՝ եղավ գերարտադրություն, և ձվի գինը իջավ-հասավ 25 դրամի, այսինքն՝ ինքնարժեքի կեսը։ Այն արտադրողները, որոնք խոշոր չէին, փոքրերը դուրս եկան շուկայից, օրվա կերը չէին կարողանում գնել։ Բնականաբար, դուրս եկան ու գլխաքանակը կրճատվեց։ Անցած ժամանակահատվածում մենք կարողացանք գլխաքանակը վերականգնել, մի շարք հանրապետությունների մեր գործընկերները զարմանում էին, թե ինչպես կարողացանք։ Հանգիստ ենք, որ շուկայի պահանջարկը կապահովենք։
Եթե ուշադրություն եք դարձրել, ձուն միակ սննդամթերքն է, որ գնաբարձրացում ունեցել է միայն փետրվարին, այն էլ՝ ստիպված, որովհետև կերը, հոսանքն ու գազը միանգամից թանկացավ։ Սա ազդեց ձվի ինքնարժեքի վրա, որն էլ բերեց գնի բարձրացման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ այս ամենի մասին տեղյակ է Մրցակցության պետական հանձնաժողովը, նախարարությունը։ Ձվի գնի բարձրացումն ընդհանուր առմամբ եղել է 8-10 դրամով։ Այսօր բոլոր խոշոր ցանցերում ձուն ընդունում են 70, երբեմն էլ՝ 68 դրամով։
«Կան կազմակերպություններ, որոնք ֆաբրիկաներից ձուն գնում են որպես միջնորդ և վաճառում են խանութներին ավելի թանկ գնով, այսինքն՝ 85-90 դրամով, պտուղ-բանջարեղենի կրպակներում ձվի արժեքը հասել է 95 դրամի։ Այսինքն՝ մենք ղեկավարվում ենք ցանցերի գնով, այսօրվա վիճակով հանգիստ վիճակ է, բոլոր կազմակերպությունները կարողացել են հասնել իրենց նախորդ տարվա ապահովման ցուցանիշին։ Ապրիլի սկզբին կտեսնենք, որ լրիվ ապահովումը կա, պահանջարկն էլ այդքան շատ չի»,- հավելեց Սերգեյ Ստեփանյանը։
Ըստ մեր զրուցակցի, երբեմն մարդիկ մտնում են խոշոր խանութներ, 2-3 փչակ ձու են առնում, հետո տանում են, պտուղ-բանջարեղենի խանութում ավելի բարձր արժեքով վաճառում են։ Ամենամեծ ընտանիքին 1 փչակ ձուն արդեն բավարար է, հետևաբար՝ կարիք չկա 2-ից ավելի փչակ ձու գնել։
«Մենք 4300-4350 արկղ ձու ենք ամեն օր հանում սպառման։ Ուզում եմ նաև ընդգծել, որ այսօր բոլոր սննդամթերքը 2 անգամ թանկացրել են, ձուն թանկացել է ընդամենը 10 դրամ, որպեսզի ծախսերը կարողանան փակել։ Դրսից փորձեցին ձու բերել, չստացվեց։ Այդուհանդերձ, մենք պետք է գերարտադրությունից խուսափենք, արտադրելը, փչացնելն ու թափելն ահավոր բան է»,- ընդգծեց Սերգեյ Ստեփանյանը։
Նշենք, որ Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:



