ԵՄ-ն անդամ երկրներին կոչ է արել պատրաստվել երկարատև էներգետիկ ճգնաժամի
Եվրոպական միության անդամ երկրները պետք է պատրաստվեն համաշխարհային էներգետիկ շուկաներում երկարատև ընդհատումների՝ Իրանի շուրջ զինված հակամարտության ֆոնին, հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Յորգենսենի նամակը պրոֆիլային նախարարներին։
Նա նշել է, որ կառավարություններին «խրախուսվում է ժամանակին նախապատրաստվել հնարավոր երկարատև ընդհատումների»:
Յորգենսենն ասել է, որ Բրյուսելը հատկապես մտահոգված է կարճաժամկետ հեռանկարում վերամշակված նավթամթերքի, օրինակ՝ ինքնաթիռի վառելիքի և դիզելային վառելիքի մատակարարումներով։
Հանձնակատարն իր նամակում կառավարություններին կոչ է արել խուսափել այնպիսի միջոցառումներից, որոնք կսահմանափակեն նավթամթերքի առևտուրը կամ կխոչընդոտեն եվրոպական նավթավերամշակման գործարաններում արտադրությանը։
Reuters-ը նշում է, որ Եվրոպան մեծապես կախված է ներմուծվող վառելիքից, հետևաբար, զգում է Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության մեկնարկից հետո Եվրոպայում գազի գինն աճել է ավելի քան 70%-ով։
Ավելի վաղ Euractiv հարթակը, նույնպես վկայակոչելով Յորգենսենի նամակը, հայտնել է, որ ԵՄ երկրների վառելիքի ներմուծման ծախսերը 13 միլիարդ եվրոյով աճել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:
Եվրոպական POLITICO հրատարակությունը, որը նույնպես ծանոթացել է նամակի տեքստին, գրել է, որ ԵՄ հանձնակատարն ազգային կառավարություններին կոչ է արել քննարկել վառելիքի պահանջարկի նվազեցման կամավոր միջոցներ՝ «առանձնահատուկ ուշադրություն նվիրելով տրանսպորտի հատվածին»: Սա կարող է նշանակել, որ կառավարությունները, հնարավոր է, բնակիչներից խնդրեն քիչ օգտվել ավտոմեքենաներից և ավիատրանսպորտից՝ վառելիքի խնայողության համար:




