Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ. Դպրոցական Դավիթ և Միքայել եղբայրների հարազատների նամակը ՀՀ պետական մարմիններին
Դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյան երկվորյակ եղբայրների հարազատները, դասընկերները, աջակիցները նամակ են հղել ՀՀ պետական մարմիններին.
«Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ և զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։
Ուսումնառության տարիներին նրանք երբեւէ որեւէ խուլիգանական արարք թույլ չեն տվել, եղել են խաղաղասեր պատանիներ։ Դավիթն ու Միքայելը հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են և ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։ Նրանք երբևէ որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբևէ քաղաքական որևէ ուժի չեն հարել, ընտանիքն ապաքաղաքական է։ Ծաղկազարդի տոնին ներկա են եղել Սուրբ Աննա եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին և աղոթքի պահին հայտնվել են հրմշտոցի մեջ։
Նրանք իրենց կյանքում որեւէ մեկին վիրավորանք կամ վնաս հասցրած չկան, առավել ևս իրենցից տարիքով, հարգարժան պաշտնյա անձի։ Առավել քան համոզված ենք, որ իրադարձությունների օրը նրանց գործողություններում որևէ մեկին վնաս հասցնելու միտում չի եղել։ Խնդրում ենք հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ։ Նրանք պայծառ պատանիներ են՝ լի երազանքներով, վառ նպատակներով, կարող են պիտանի մարդիկ դառնալ հասարակության և պետության համար»։



