«Պատերազմի ելքն ինքնին վճռված է, ամեն ինչ ժամանակի խնդիր է». Հայկ Նահապետյան
Արդեն մեկ ամսից ավելի է՝ Իրան-Իսրայել-Միացյալ Նահանգներ ռազմական գործողությունները շարունակվում են։ Իսրայելի վարչապետն այսօր հայտարարել է, թե Իրանի դեմ պատերազմում իրենց նպատակների կեսն են իրականացրել, այդպես էլ չբացահայտելով, թե երբ կդադարեցնեն ռազմական գործողությունները։
Իրանն էլ իր հերթին՝ արդեն մի քանի անգամ հերքել է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները, ասելով, որ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություններ չեն ընթանում, ինչպես ասում է Թրամփը։
Իրանում տեղի ունեցող այս գործընթացներն ի՞նչ զարգացումներ կարող են ունենալ, գործողությունների այս ընթացքը դեպի ո՞ւր է տանում։
ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ այս գործընթացները տանում են բազմաբևեռ աշխարհի դե ֆակտո և հետո դե յուրե ամրագրում։
«Այս պատերազմը Միացյալ Նահանգների կողմից միաբևեռ կառավարվող աշխարհի և բազմաբևեռ՝ Ռուսաստան-Իրան -Չինաստան-Հնդկաստան և այլ պետությունների ստեղծելու մեջ է։ Հիմա թիրախավորվել է Իսլամական Հանրապետությունը, այստեղ մի քանի գործոններ կան, մեկը նավթային գործոնն է, որով Միացյալ Նահանգները մտածում է, որ եթե հաղթի Իրանին, ապա փաստացի կարող է ազդել Չինաստանի տնտեսության վրա, այս մոտեցումն ակնհայտ է։
Կարծում եմ՝ այս պատերազմում Իրանն ունի երկու դաշնակից՝ Ռուսաստան և Չինաստան, որոնց օգնությամբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պարտվում են, իհարկե, այս օգնության մասին չի բարձրաձայնվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։
Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ պատերազմում Իսրայելն ու Միացյալ Նահանգներն արդեն իսկ պարտվել են, նույնիսկ, եթե միջուկային զենք օգտագործեն, միևնույն է՝ բազմաբևեռ աշխարհն արդեն իսկ ձևավորվում է։
«Ես չեմ բացառում, որ Միացյալ Նահանգներում աշխատի «Վիետնամ-2» սցենարը, դա այն էր, որ հակապատերազմական պարտությունն այնպիսի ուժգին էր ԱՄՆ-ում, որ կառավարությունը որոշեց, որ իր զորքերը պետք է Վիետնամից հանի։ Բայց այստեղ կա երկրորդ լրացուցիչ գործոնը, որ Իրանն է հաղթում։ Այսինքն՝ Իսրայելն ու Միացյալ Նահանգներն այն նպատակները, որ դրել են իրենց առաջ, չեն կարողանում կատարել։ Այստեղից հետևություն վաղ թե ուշ բազմաբևեռ աշխարհը կայանալու է։ Եթե ԱՄՆ նախագահը փորձի պատերազմը երկարաձգել ինչ-որ կղզիներ վերցնելու համար, ինչպես ասում է, ապա այդ վիետնամական տարբերակն ավելի արագ է լինելու»,- շեշտեց Հայկ Նահապետանը։
Նա նաև փոխանցեց, որ այսօր առավոտյան անվտանգությունը Միացյալ Նահանգներում Թրամփին հեռացրել է ամբիոնի մոտից՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ քաղաքացիներ փորձել են գրոհել Սպիտակ տուն։ Հետևաբար, եթե Թրամփը պատերազմը շարունակեց, չի բացառվում, որ քաղաքացիները ոտքի կանգնեն, լինեն մասնատումներ։
«Ռուսաստանն ու Չինաստանը խիստ առարկայական օժանդակում են Իրանին։ Պատերազմի ելքն ինքնին վճռված է, ամեն ինչ ժամանակի խնդիր է»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։



