3500 զինվորականներով ամերիկյան դեսանտային նավը գտնվում է Հնդկական օվկիանոսում. CENTCOM
Ամերիկյան ռազմածովային ուժերի «Տրիպոլի» դեսանտային նավը՝ շուրջ 3500 նավաստիների և ծովային հետևակայինների խմբով, գտնվում է Հնդկական օվկիանոսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական հարթակում:
Հրամանատարությունը հրապարակել է լուսանկար՝ թվագրված մարտի 29-ով՝ նշելով, որ նավը Հնդկական օվկիանոսում է:
Մարտի 28-ին CENTCOM-ում հայտնել են, որ դեսանտային նավը ժամանել է Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի: Դրա մեջ է մտնում հիմնականում Մերձավոր Արևելքը:
Մարտի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ամերիկյան ուժերը կարող են ցամաքային գործողություն սկսել Իրանի Խարգ կղզում:
Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից հետո Մերձավոր Արևելքում տարածված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:



