«Այն վիճակը, որն այսօր կա Հին Շենում, նույնը նաև Արցախում և Հայաստանում է, տարբերություն չկա. Այսինքն՝ բոլոր բնակավայրերն էլ թշնամու թիրախում են»
Նոյեմբերի 13-ին «Wargonzo» տելեգրամյան ալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որտեղ պատմում էր Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի մասին, ընդգծելով, որ գյուղն Ադրբեջանի դիրքերից բաժանում է մի քանի մետր և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գյուղը հայտնվել է թշնամու թիրախում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը հարձակումներ էր գործել Արցախի մի քանի գյուղերի վրա, նրանց հաջողվել էր իր վերահսկողության տակ վերցնել Թաղավարդը, Խծաբերդը, նաև շրջափակել էին Շուշիի շրջանի Հին Շենի ճանապարհը, գյուղում այդ պահին եղել էին բնակիչներ։
Միայն դեկտեմբերի 16-ին էր ապաշրջափակվել Հին Շենի ճանապարհը։
168.am-ի հետ զրույցում Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ ինչպես ամբողջ Արցախը, այնպես էլ Հին Շենն ունեն անվտանգության խնդիրներ։
«Այն վիճակը, որն այսօր կա Հին Շենում, նույնը նաև Արցախում է, Հայաստանում է, տարբերություն չկա։ Այսինքն՝ բոլոր բնակավայրերն էլ թշնամու թիրախում են»,- նշեց Սամվել Սարգսյանը։
Ինչ վերաբերում է թշնամու սադրանքներին, Սամվել Սարգսյանն ասաց, որ նման սադրանքների թշնամին հաճախ է դիմում, և ոչ միայն՝ Հին Շենում, սակայն վերջին շրջանում նման բաներ չկան։
«Այս պահին նորմալ է, դեռ նորմալ է։ Մեր բնակիչները, կարևորը, խուճապի չեն մատնվում, կարող է թշնամին իրենց կողքին ինչ-որ գործողություններ կատարի, իրենք խուճապահար չեն լինում, տագնապ չկա, հաստատակամ են»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Հին Շեն տանող ճանապարհներին, գյուղապետը տեղեկացրեց, որ այս պահին ճանապարհներն անցանելի են, թե ինչ կլինի ձմռանը, դժվարանում է ասել։
«Փառք Աստծո, այս պահին դեռ ամեն ինչ նորմալ է, թե ինչ կլինի հետո, չեմ կարող ասել»,- եզրափակեց Սամվել Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: