«Առնվազն պետք է հայտարարել՝ այդ դաշտերը մեզ պետք չեն՝ պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության. Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ճակատագիրը որոշել էր տարիներ առաջ

Նոյեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով 2020 թվականի պատերազմին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և հարակից այլ հարցերի։

Հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Մեղրիի միջանցքի» մասին խոսակցությունը փակվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվել է եռակողմ հայտարարությունը։

«Կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրեի նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, ճիշտ է, նրանք օգտագործում են «միջանցք» արտահայտությունը, բայց ասում են, որ այդ «միջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո: Այսինքն` իրականում անկախ բառամթերքի նախընտրություններից՝ մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և պիտի ասեմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների  բացմամբ, Ադրբեջանն էլ է շահագրգռված, Իրանն էլ, Թուրքիան ու ՌԴ-ն էլ են շահագրգռված, խնդիրն այստեղ բանաձևերի վերաբերյալ ընկալումները մոտեցնելու և նույնականացնելու մասին է»,- ասել էր նա։

Նա նաև նշել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է, որ բացվում են բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները, որից հետո անդրադարձ կա, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի և Ադրբեջանի միջև:

«Դրանից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցման մասին: Սա նրա մասին է, որ գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն, և եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ պետք է նոր կոմունիկացիաների մասին, այդ ժամանակ էլ դրա մասին պետք է մտածենք:

Ընդ որում, մեր ընկալումն այն է, որ՝ այո՛, Ադրբեջանը պետք է ՀՀ տարածքով, ՀՀ սուվերեն ճանապարհներով հաղորդակցվի Նախիջևանի հետ, որին մենք պատրաստ ենք, Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և Իրանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պետք է ունենա:

Մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի. Հայաստանը՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում: Նաև ավտոմոբիլային ճանապարհներ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից 3 օր անց, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է՝ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս հայտարարության հաջորդ օրը Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «շահարկումներից խուսափելու համար պետք է ասել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքն Էյվազլիի հատվածի մասին է»։

Նա նաև ասաց, որ Սյունիքում ճանապարհներին հրաշալի ասֆալտ են արել, և բնակիչները կարող են գնալ ոչ թե Որոտանի ճանապարհով, այլ Տաթև-Աղվանի ճանապարհով։ Նա նաև մեկ հարց բարձրացրեց, և ինքն էլ պատասխանեց իր իսկ հարցին. «Իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր, հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային» տրամաբանությունը»։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ոչ թե թշնամու առաջ քաշած նախապայմանների դեմ ընդդիմանալ, այլ ՀՀ տարածքը մաս-մաս հանձնել թշնամուն՝ «զուտ խաղաղության դիմաց», այնպես, ինչպես նա ներկայացնում է իր «Երկրի հակառակ կողմը» գրքում, որտեղ բավականին անկեղծ ներկայացրել է իր նպատակներն ու երազանքները.

«Ես ու կինս նույն բանն ենք մտածում, բայց չենք համարձակվում բարձրաձայնել: Ի վերջո, նա ավելի համարձակ է գտնվում և ասում է. -Ինչպես կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին․․․ Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն: Ի՞նչ է սա, կեղծի՞ք: Ավելի շուտ` սրտի և ուղեղի հակամարտություն: Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք  էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության»։

Այնպես որ՝ այն, ինչ այսօր Հայաստանի ու Արցախի հետ անում է Նիկոլ Փաշինյանը՝ դրա մասին բարձրաձայնել է տարիներ առաջ՝ «Երկրի հակառակ կողմը» գրքում։

Տեսանյութեր

Լրահոս