«Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ ադրբեջանական կողմի, իր իսկ վկայությամբ, ոչ պաշտոնական հայտարարությանը, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում գիշերը 12-ից սկսած՝ կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։
«Հիմա այն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել Ադրբեջանի կայացրած որոշմանը։ Շահարկումներից խուսափելու համար պետք է հիշեցնեմ և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքն Էյվազլիի հատվածի մասին է։ Հիմա կարող է այլ հարց ծագել, իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր, հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային» տրամաբանությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային ու անձնագրային հսկողության։
«Այսինքն՝ երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ «միջանցքային» տրամաբանություն», ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ։ Սա ֆիքսված է փոխվարչապետների եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատով։ Կարևոր է նշել, որ վերջին շաբաթում այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Հենց այս համատեքստում է Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը։ Ավելի հստակեցնելով ասեմ՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրած հայտարարությունների դրույթներին, մասնավորապես՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները ապաշրջափակելու մասով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով՝ նա նշեց, որ շահագրգռված են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակելու հարցում։ Միաժամանակ նա հույս հայտնեց, որ առաջիկայում կհասնեն որոշակի լուծումների։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում