«Իշխանության վերարտադրությունը ՔՊ-ի համար վեր է պատվից, տղամարդկությունից». Մենուա Սողոմոնյան

2018թ. Նիկոլ Փաշինյանը փողոցում աղաղակում էր, որ ԵՊՀ Խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, և որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ վերահսկողության ներքո, բոլոր բուհերը պատկանում են ՀՀԿ-ին: Փողոցից իշխանության գալուց հետո, սակայն, գործող իշխանության մոտեցումները փոխվել են. օրերս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Արդյո՞ք սա բուհերի ապաքաղաքականացման ամենացայտուն և վառ դրսևորումն է: Այս հարցը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ուղղեցին ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանին:

«Այո, սա ամենացայտուն և վառ դրսևորումն էր, որ բուհերը «ապաքաղաքական» են: Սա ցույց տվեց, որ իշխանության վերարտադրությունը այս քաղաքական ուժի համար վեր է ամեն ինչից, վեր է ցանկացած սկզբունքից, վեր է տված խոսքի պատվից, վեր է տղամարդկությունից, օրենքից, արդարադատությունից, Սահմանադրությունից: ԵՊՀ նկատմամբ տեղի ունեցող այս ոտնձգությունների ամբողջ շարքը, որ 3.5 տարի շարունակվում է, հենց ասվածի վկայությունն են»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մենուա Սողոմոնյանը բացատրեց, թե ինչու են հենց բուհերն իշխանությունների թիրախում. «Բուհում մեկտեղված են ինտելեկտուալ մարդիկ՝ դասախոսներ, ուսանողներ, ովքեր լոկոմոտիվ են, ովքեր գաղափարներ են գեներացնում, նրանց մի մասը ունի սկզբունքներ, մի մասը, ցավոք սրտի, չունի սկզբունքներ, և կապ չունի՝ կոմունիստակա՞ն կուսակցություն կգա իշխանության, թե՞ ֆաշիստական, թե՞ լիբերալ, թե՞ ազգայնական, ով էլ գա իշխանության, նրանց մի մասը փառաբանում է, ինչպես հիմա է այդ փառաբանությունը տեղի ունենում: Այդ հարմարվողականությամբ, շատ արագ ընդունելով խաղի կանոնները, առագաստը թեքելով դեպի փչող քամին, ձևավորում են այդպիսի միջավայր, որտեղ ազատ խոսքը ճնշվում է, ողջամիտ քննադատությունը չի խրախուսվում, և այդպիսով, փորձում են առողջ միտքը վերցնել աքցանի մեջ՝ վարչական լծակներով, հոգեբանական միջոցներով, արած լավություններով: Դրանով իսկ ապահովագրում են իրենց արդարացի քննադատություններից: Քննադատություններ, որոնք կարող են տեղիք տալ որոշակի հասարակական հուզումների»:

ԵՊՀ դասախոսի համար զարմանալի է նաև ուսանողների պասիվությունը. «Ինչո՞ւ նախկինում, երբ սուրճի ապարատը կիսատ էր տալիս սուրճը, ուսանողությունը դրա դեմ ընդվզում էր, ես մի փոքր գրոտեսկային համար եմ սա ասում, իսկ ներկայում, երբ տեղի է ունենում այն ամենը, ինչ նախկինում ամենաբարձր մակարդակով պախարակվում էր, ընդվզում չկա: Այս իշխանություններն էին, չէ՞, ասում՝ ԵՊՀ-ում դռներն այլևս չեն փակվելու, բայց ԵՊՀ-ում տեղի ունեցած ապօրինի նիստի ժամանակ դռները փակվել էին, լրատվամիջոցները ցանկացել էին լուսաբանել, չէր ստացվել: Ես ձեզ եմ հարցնում, սիրելի ուսանողներ, ինչո՞ւ այս մասին չեք խոսում, ի՞նչն է փոխվել: Գուցե 2018թ. ոգևորված էիք քաղաքական իրադարձություններով, և այս մարդիկ, որոնք եկան իշխանության, շահարկում էին համալսարանի խնդիրները, խոստանում էին բերել ազատություն, և դուք էլ միամտաբար նաև լոկոմոտիվը դարձաք այդ փոփոխության… կոպիտ ասած՝ երևի չեն ուզում թքածը լիզել: Ես սա կարող եմ ընդամենը ենթադրել:

Բայց կարծես խուսափում են ուսանողներն այս թեմաներից խոսել: Շատ քչերն են, որ իրենց սոցիալական վարքով, այդ թվում՝ սոցցանցային դրսևորումներով, աջակցություն են հայտնում թե՛ քաղաքական պրոցեսներին, թե՛ համալսարանում տեղի ունեցող պրոցեսներին: Ակնհայտ է, որ այս ղեկավարությունը, այդ վարքուբարքը, որ համալսարանում պարտադրվում է, երիտասարդության սրտով չէ, բայց իսկապես ժամանակն է այդ մասին խոսել, ցույց տալ երկերեսանիությունը, վեր հանել այս ամենը»:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի փակ նիստից տարածված կարճ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ձայների մեծամասնությամբ որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ: Ըստ այդմ՝ որոշվել է, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին:

Մենուա Սողոմոնյանը նկատեց. «Այդպես որոշել են, բայց իշտահին քացախ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ապօրինությունը չլինի: Փորձում ենք օրենքի սահմաններում գործող իրավական բոլոր լծակներից օգտվել: Մասնավորապես, ժամանակին մեր բարձրացրած աղմուկի, հորդորների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմեց ՍԴ, և հակասահմանադրական որակվեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մի քանի վատ դրույթներ: Իսկ դրանից հետո էլ համալսարանի կանոնադրության մեջ մեկ անձի համար փոփոխություններ կատարվեցին, որը վիճարկված է դատարանում: Անհնար է, որ ապօրինի չճանաչվի այդ ամբողջ պրոցեսը: Այս լծակներով պետք է փորձենք դա թույլ չտալ, բայց ուզում եմ կոչ անել ուսանողներին և մեր գործընկերներին՝ այս մասին խոսել, չվախենալ, բարձրաձայնել՝ հանուն Երևանի պետական համալսարանի, որպեսզի գոնե մեկ անգամ սկզբունքը հաղթանակի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս