«Նիկոլին երաշխիքներ կտան, կասեն՝ գնա, հետո կորոշեն՝ ով է գալու իշխանության». Արմեն Գրիգորյան

Մասնագիտությամբ ԼՕՌ բժիշկ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը չի հասկանում, թե ինչու են մարդկանց ստիպում պատվաստվել:

«Դա շատ և շատ երկրներում է կատարվում: Բայց այստեղ կարևորն այն է, թե 40-50 տարեկանից բարձր մարդկանց քանի տոկոսն է պատվաստված: Մյուս ցուցանիշը մահացությունն է. ինչո՞ւ է կորոնավիրուսի երրորդ ալիքի ժամանակ էլ երրորդ անգամ մեզ մոտ ամենաբարձր ցուցանիշը: Երբ քո մոտ էպիդեմիա է, հիվանդների թիվը արագ աճում է, գոյություն չունի երկիր, որն այնքան մահճակալ ունի հիվանդանոցում, որ բնակչության 20-30 տոկոսը հիվանդանա, և կարողանան իրենց պառկեցնել: Հետևապես, պետք է ուժեղացնես առաջին խրամատը: Մեր առաջին խրամատը շտապօգնությունն ու պոլիկլինիկան են:

Քանի որ սա ինֆեկցիոն հիվանդություն է, պետք չէ հիվանդներին բերել պոլիկլինիկա: Այսինքն՝ պետք չէ տարբեր հիվանդների կանչել մի տեղ, որտեղ նրանք հերթում կսպասեն, և այդ բուժհիմնարկությունների օդում կլինի այնպես բարձր կոնցենտրացիա, որ ով ունի բարձր դիմադրողականություն, մեկ է՝ ինքն էլ կհիվանդանա: Հետևաբար, ոչ թե բոլոր հիվանդներին հավաքում ես մի տեղ, այլ ասում ես՝ մնացեք տները, դուրս չգաք, և բժիշկներին եք ուղարկում այդ մարդկանց տուն»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում ստեղծված քովիդ-կենտրոններում նորմալ բժիշկը չի ցանկանում աշխատել, որովհետև օրուգիշեր պետք է երկու կոպեկի համար աշխատեն. «Ի՞նչ են արել. Հատկապես Երևան քաղաքից դուրս գտնվող քովիդ-կենտրոններ բերել են օրդինատորների, այն էլ՝ չավարտածներին: Ես հիմա պատասխան եմ տալիս իմ բառերի համար՝ երիտասարդներ են, որոնց պրոտոկոլը տալիս են, ասում են՝ արա այս, այս, այս, մյուս կողմից էլ մի 15 հազար դրամ են տալիս: Դա բերում է նրան, որ այդ քովիդ-կենտրոնները դարձել են սպանդանոց:

Մի շատ խելացի բժիշկ էր եկել ձեր տաղավար և բացատրում էր, որ, օրինակ, պրոտոկոլի մեջ գրված  է՝ «Պրեդնիզոլոն» կամ «Հիդրոկորտիզոն», այդ օրդինատորը, իմիջիայլոց, մեծ «պրետենզիաներ» ԵՊԲՀ-ին, նայում է դա կա, հիվանդը եկավ՝ խրում է այդ «Պրեդնիզոլոն»-ը: Երբ վիրուսի առաջին էտապում հորմոնալ պրեպարատ ես տալիս, ճնշում ես մարդու իմունիտետը, ինչը բերում է արագ բռնկման և մահվան: Էլեմենտար բան՝ երբ մարդու պուլսը 150-ից ավելանում է, այդ օրդինատորները չեն կարողանում հանել, ես շտապօգնությունում աշխատել եմ, և մենք օրը 2-3 հատ հանում էինք»:

Անդրադառնալով երկրում առկա իրավիճակին, Արմեն Գրիգորյանը նշեց, որ ընդդիմությունը պետք է անկեղծ խոսի հասարակության հետ. «Երբ վերջին կապիտուլյացիոն փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանը ստորագրի, էլ պետք չի լինի: Նա հասկանում է, որ դա իր վերջի սկիզբն է լինելու, դրա համար չի ուզում ստորագրել: Դրա համար ադրբեջանական զորքերը կանգնած են մեր սահմանի ամբողջ երկայնքով, որ ճնշեն: Դրա համար Խառատյանով սլիվ է անում, որ չստորագրի: Ընտրություններից հետո դա նրա վզին դրած է: Հիմա էլ այդ ստորագրելուց հետո նա պետք է գնա, դրա համար ինքը հիմա երաշխիքներ է ուզում, բայց որ այդ պրոցեսը կատարվի, մասովկա է պետք, և սպասվող միտինգը դրա համար է: Բայց քաղաքական գործիչները ազնիվ չեն: Ես Նիկոլից հիմա ոչինչ չեմ պահանջում, որովհետև նա թշնամի է, նա հանցագործ է, իր կողքիններն էլ կամ հանցագործ են, կամ հանցակից են: Իմ «պրետենզիան» ընդդիմությանն է՝ եթե ուզում եք լինել վաղվա Հայաստանի քաղաքական էլիտան, պետք է այնպես անեք, որ ձեզ վստահեն, իսկ դուք մինչև հիմա փորձում եք սղղացնել՝ սուս մնանք, դե հես է, ոնց էլ չլինի՝ Պուտինը Նիկոլին կասի՝ գնա, մենք կգանք իշխանության, արդեն լավ կլինի: Ո՛չ, լավ չի լինի»:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ անձամբ մասնակցելու է նոյեմբերի 8-ի հանրահավաքին. «Ամենավատն այն է, որ ելքը մենք չենք որոշում: Հունիսի 20-ը ոչ պակաս աղետ էր, քան նոյեմբերի 9-ը: Դա ստորագրեց այն փաստաթղթի տակ, որտեղ գրված է, որ մենք այն անհարգի ազգն ենք, որ իրավունք չունենք պետություն ունենալ: Երբ դու սերնդասպան թշնամուն երկրորդ անգամ ընտրում ես, դու իրավունք չունես պետություն ունենալ, դու քո պատմական միսիան վաղուց ավարտել ես: Այլ հարց է, որ կա մի խումբ մարդ, որ դրանց հետ համաձայն չեն: Նիկոլին կհեռացնի Ռուսաստանը՝ մյուս երկրների հետ գուցե, նրան երաշխիքներ կտան, կասեն՝ գնա, հետո կորոշեն՝ ով է գալու իշխանության: Մենք չենք որոշելու, մենք կարող ենք մասովկայի դեր խաղալ: Բայց նոյեմբերի 8-ին ես գնալու եմ միտինգի: Մի քանի ամիս էլի լինելու են միտինգներ, որոնց պետք է մասնակցենք, բա ի՞նչ անենք: Մենք պետք է միտինգի գնալով, հղկվելով՝ ամրանանք այն հույսով, որ երբ կգա ազգային կորիզի ժամանակը, ստեղծենք նոր էլիտա, վերականգնենք տնտեսությունը, կառուցենք նոր պետություն, և ամենակարևորը՝ վերականգնենք բանակը, որ հետ բերենք կորցրածը: Այստեղ պետք է լինի հայկական պետություն: Ես մինչև վերջին շունչս ապրելու եմ դրա համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս