Բաժիններ՝

5 գիրք, որ երեխաներին առաջարկում է ընթերցել Տաթև Ղազարյանը

Գիշերը հեքիաթ պատմեց աստղերի, լուսնի մասին…

Ծանոթ է, չէ՞: Տարիներ շարունակ «Շողակաթ» հեռուստաալիքով իմ և իմ սերնդակիցների համար հեքիաթ էր պատմում Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը: Ում, եթե ոչ նրան էր պետք հարցնել՝ ի՞նչ գրքեր կառաջարկեք ընթերցել երեխաներին: Տաթևը սիրով համաձայնեց դառնալ 168.am-ի նոր շարքի հերթական հերոսը և 5 գիրք է առանաձնացրել երեխաների համար:

«Թշվառները» – Վիկտոր Հյուգո

Կարդացեք նաև

Պատմական այնպիսի կարևոր իրադարձությունների ֆոնի վրա, ինչպիսիք են Վաթեռլոոյի ճակատամարտը, Ռեստավրացիայի վախճանը, 30-ական թվականների հեղափոխական մարտերը, «Թշվառների» հեղինակը պատկերում է աղքատների ճակատագիրը, նրանց վիճակը, որը հավասարապես դժբախտ էր թե Նապոլեոն Բոնապարտի դիկտատուրայի, թե Բուրբոնների և թե Հուլիսյան միապետության օրոք։ Ոչ մի տեղ դեռևս գրողն այդպիսի ուժով ու արտահայտչականությամբ ցույց չի տվել աղքատների Փարիզը, թշվառ ու մռայլ ետնախորշերի քաղաքը։

«Աննան կանաչ կտուրներից» – Լյուսի Մոդ Մոնտգոմերի

Կանադացի գրող Լյուսի Մոդ Մոնտգոմերիի 1908 թվականին գրած վեպը պատմում է 11-ամյա որբ աղջկա՝ Աննա Շիրլիի արկածների մասին։ Նրան սխալմամբ ուղարկում են Մեթյու և Մարիլա Քատբերտների մոտ, որոնք միջին տարիքի քույր և եղբայր էին և ցանկանում էին տղա որդեգրել, ով կօգներ նրանց ագարակում Արքայազն Էդվարդ կղզում գտնվող Էյվոնլի մտացածին քաղաքում։ Վեպը պատմում է Աննայի անցած ուղու մասին, թե ինչպես է Աննան սովորում դպրոցում և ինչպիսի արկածներ է ունենում քաղաքում։

«Մանյունյա» – Նարինե Աբգարյան

Ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի գիրքը, որը հրատարակվել է 2010 թվականին, պատմություն է մի ամբողջ սերնդի՝ Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, մանկության մասին, որտեղ առանցքային անձերից մեկը խիստ ու բարի Տան է՝ Մանյունյայի տատիկը, ինչպես նաև հանդիպում ենք շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների։

«Առանց ընտանիքի» – Հեկտոր Մալո

Ֆրանսիացի գրող Հեկտոր Մալոյի՝ 1878 թվականին լույս տեսած վիպակը Ռեմի անունով մի փոքրիկ տղայի կյանքի պատմություն է։ Ռեմիի հորեղբայրը նորածին Ռեմիին գողանում և տալիս է աղքատ Բարբարեն ընտանիքին։ Ռեմիի մանկությունն անցնում է աղքատության և չքավորության մեջ։ Միակ լուսավոր կետը նրա կյանքում Բարբարեն մայրիկի անսահաման սերն է։ Նրան վաճառում են թափառական երաժիշտ Վիտալիսին, ով մեծ դեր է ունենում Ռեմիի դաստիարակության գործում։ Վիտալիսը զարգացած, խելացի մարդ էր և շատ բան է սովորեցնում Ռեմիին։ Շուտով Վիտալիսը հիվանդանում և մահանում է, իսկ տղան մնում է մենակ։ Նա շատ փորձություններ և դժվարություններ է հաղթահարում, բայց չի փոխում բնավորությունը, նա մնում է նույն բարի, աշխատասեր, և մարդասեր Ռեմին։ Երկար փորձություններից հետո նա գտնում է իր ընտանիքին։

«Օլիվեր Թվիսթի արկածները» – Չարլզ Դիքենս

Չարլզ Դիքենսի երկրորդ, իսկ անգլիական գրականության առաջին վեպը, որի գլխավոր հերոսը երեխա է, պատմում է Օլիվեր Թվիսթ անունով տղայի մասին, ում մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Նա մեծանում է ծխական համայնքի մանկատանը, որի միջոցները շատ խղճուկ են: Քաղցած հասակակիցները ստիպում են նրան հավելում խնդրել ճաշին: Այդպիսի համառության համար տնօրենությունը վաճառում է նրան գերեզմանափորներին…

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս