Երկիրը, գյուղացին կործանվում է՝ էս իշխանությունը նստած նայում է. գյուղացիները զգուշացնում են՝ դանակը ոսկորին է հասել. «Պրեսսինգ»
Արդեն տևական ժամանակ է՝ խաղողագործները, որպես բողոքի նշան, հանրապետության տարբեր հատվածների ճանապարհներն են փակում, դիմում են կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ահազանգ են հնչեցնում՝ բողոքելով մթերումների դեմ: Կառավարությունը, սակայն, խնդրին հրատապ լուծում տալու փոխարեն, կամ ժամանակ է խնդրում գյուղացիներից, կամ ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ ստիպում է բացել փակ ճանապարհները:
Մթերող ընկերությունները, գինու, կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պետբյուջեից արտոնյալ պայմաններով հսկայական վարկեր են ստացել՝ խոստանալով և որպես վարկային ծրագրի նպատակ նշելով խաղողի համապատասխան քանակի մթերումը, սակայն ոչինչ չեն ձեռնարկում:
Որոշ ձեռնարկություններ էլ համաձայն են ընդունել խաղողը, սակայն 1 կիլոգրամի դիմաց 80-115 կամ 120 դրամ են առաջարկում, որը գյուղացիների համար օբյեկտիվորեն ձեռնտու չէ. նրանք խնդրում են գնել գոնե 140-150 դրամով։ Էկոնոմիկայի նախարարն իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ է անում կամ խոստումներ տալիս՝ փափուկ բարձ դնելով գյուղացիների գլխի տակ, սակայն սայլը տեղից չի շարժվում: Վարկերի, պարտքերի տակ կքած գյուղացին ժամանակ չունի, նա չի կարող օրեր շարունակ սպասել. բերքն ամբողջովին փչանում է:
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի խաղողագործները ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին խնդրել էին, որպեսզի «Պրեսսինգ» հաղորդաշարի ստեղծագործական խումբն իրենց այցելի և տեղում ծանոթանա խնդրին:
Խաղողագործներն ասում էին.
- Նիուժե՞լի այս երկրի իշխանությունը չի հասկանում, որ գյուղացին 1կգ խաղողի վրա ծախսում է առնվազն 120 դրամ, բայց իրեն ուզում են վճարել առավելագույնը 115 դրամ:
- Մասնավոր ընկերություններից ի՞նչ ուզեմ, պետական հոգատարություն չկա, երկիրը կործանվում է:
- Գործարանատերերը տեսնում են՝ շատ խեղճ ու կրակ է խաղողագործը, ասում են՝ մի հատ էլ սեղմենք պատին:
- Երկիրը կործանվում է, իշխանությունը նստած նայում է:
- Նիուժե՞լի մեր կառավարությունը գյուղացու մասին չի մտածում, չե՞ն հասկանում, որ քաղաքի շունչը գյուղացին ա:
- Խաղողը շուտ է հասել, չամիչ է դառնում… իշխանությունները մեզ վրա պրոստո տակ ծիծաղում են, մարդու տեղ չեն դնում:
- Իշխանությունները մեր աշխատանքի դաժանությունը չեն տեսնում, մենք շան տանջանք ենք քաշում:
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ գործարանները խորամանկ տրյուկների են դիմում գյուղացուն խաբելու համար, խաղողագործները պիտի պահանջեն, որ պետությունը ստուգի բոլոր գործարանները՝ խաղող իրականում ընդունո՞ւմ են, թե՞ ոչ: …Ստացվում է, որ խաղողագործն իր գրպանից է ֆինանսավորում օլիգարխներին: Գյուղացիներն այսօր դարձել են վարկատու, գործարանները՝ վարկառու. պետությունը շուռ է եկել: