«Զգում եմ՝ արյունահեղություն է լինելու, որովհետև կոնկրետ հանձնարարական կա․․․»․ Գեղամասարի համայնքապետը՝ լարված իրավիճակի մասին
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր վաղ առավոտյան փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհահատվածը՝ իրենց բողոքն արտահայտելու համայնքների խոշորացման վերաբերյալ Կառավարության նախագծի դեմ, որով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքը միացնել Վարդենիս համայնքին։ Իսկ Գեղամասար խոշորացված համայնքի մեջ ներառված է 18 գյուղ, այդ թվում՝ Կութ, Սոթք, Ազատ և Նորաբակ գյուղերը, որոնցից վերև գտնվող սարերում, արդեն 4 ամիս է, թշնամու զորքն է տեղակայված։
Ճանապարհը փակած գյուղացիների հետ հանդիպեց նաև Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը և ասաց, որ համայնքների խոշորացման վերաբերյալ ժողովրդի դժգոհության մասին բանավոր հայտնել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, սակայն որևէ արձագանք չի եղել․
«Ընդհանրապես հաշվի չեն առնում ժողովրդի կարծիքը։ Մեր այս 18 գյուղերը սահմանապահ են, պաշտպանում են սահմանները, ոչ միայն պաշտպանում են, այլև ապրում են սահմանի վրա, ու կարծիք չհարցնել, ընդհանրապես հաշվի չառնել՝ և՛ շատ անբարոյական է և՛ շատ անհարգալից վերաբերմունք է, որն էլ առաջացրել է ժողովրդի դժգոհությունը։ Դժգոհության ալիքը հասել է նրան, որ մարդիկ ճանապարհ են փակել, որը ցանկալի չէր ոչ մեկիս, բայց ստիպված են այս քայլին գնացել։ Ես հորդորել եմ, որ այս քայլին չգնան, որ դիմենք Կառավարությանը, բայց ժողովուրդն արդեն հասկանում է, որ իզուր է, նաև ես եմ հասկանում, որ իզուր է։ Սահմանի վրա ապրող մարդը, որ ստիպված իր գործը թողնի ու գա ճանապարհ փակի, որ իրեն հաշվեն մարդ, դա շատ վատ վերաբերմունք է մեր իշխանությունների կողմից։ Պահանջում եմ, առաջարկում եմ, որ ՏԿԵ նախարարը, նախարարությունից արձագանքեն այս հարցին․․․»։
Համայնքի ղեկավարի գնահատմամբ՝ սա ավելի շատ քաղաքական հարց է, քանի որ ինքն այլ քաղաքական հայացքներ ունի․
«Գնել Սանոսյանն ինձ անձամբ ասել է՝ ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես, պարզ ասել է, դա գալիս է քաղաքական հայացքներից․ ով իրենց հետ չի, նրանց որպես դուշման են նայում․․․ Եթե Հայաստանում խնդիրը ես եմ, որ ինձ դատեն՝ սաղ հարցերը լուծվում են, գնամ կամավոր նստեմ, թող Հայաստանը լավ լինի․․․»։
Ոստիկանությունը ճանապարհը փակած գյուղացիներին 10 րոպե ժամանակ տվեց, որպեսզի այն բացեն, սակայն համայնքի բնակիչները հրաժարվեցին, ինչից հետո իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Նշենք, որ բացի համազգեստով ոստիկաններից, ճանապարհը փակած գյուղացիներին նաև քաղաքացիական հագուստով տղամարդիկ էին փորձում դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն ասաց, որ
«Կառավարությունից ոչ մի արձագանք չկա 8000 բնակչություն ունեցող համայնքին, այսինքն, եթե անվտանգությունից ենք խոսում, սահմանն իրենց բացարձակ հետաքրքիր չի։ Սահմանին ապրող ժողովուրդը հիմա այստեղ կանգնած, բայց բացարձակ ոչ մի արձագանք, ո՛չ մարզպետարանից, ո՛չ, Կառավարությունից, ընդամենը կարող են կառավարությունից հարց տան՝ ի՞նչն է խնդիրը։ Ես եմ զանգել, առաջարկել կապվել մեզ հետ, բայց իմ զանգերին չեն պատասխանում, արյունահեղություն են ուզում սարքեն՝ տփելով, խփելով, ձերբակալեն, ոնց որ անում են Սյունիքում, ինչքան հերոս տղերք կան, սաղին կալանավորեցին․․․ Էն կրակոցներն էլ որ լինում էր, Գնել Սանոսյանը գալիս էր իմ գրասենյակի մոտ սենց անում (կծկվում է.- Ն.Խ.), ասում էի՝ բարձրանանք առաջ, ասում էր՝ ես շտապում եմ, պետք է հետ գնամ, այդ մա՞րդն է սահմանից խոսում, ինքն ո՞վ է, ինքը սահման գիտի՞, պատերազմը սկսվեց, կորոնավիրուս բռնեց, ուրիշների մոտ եթե 14 օր է կորոնավիրուսը, իրա մոտ 44 օր տևեց, պատերազմը պրծավ, նոր երևաց։ Հիմա ինքը եկել՝ սահմանում հարց է լուծում, սահմանապահ ժողովրդին էլ հաշվի չի առնում․․․
Եթե Կառավարությունն անտեսում է, կամ այս տարածքները մերը չէ, մենք տեղյակ չենք, կամ մենք ապրելու բան չունենք էլ, թողնենք քոչենք, տեսնենք՝ իրենցից մի հոգի կգա՞ այստեղ ապրի․․․ Ես արդեն զգում եմ, որ այստեղ արյունահեղություն է լինելու, որովհետև կոնկրետ հանձնարարական կա․․․»։
Գյուղացի կանանցից մեկն էլ ասաց, որ ամեն օր երեխաներին վախով են ճանապարհում դպրոց․
«Թող Փաշինյանի տղեն պահակ նստի մեր դպրոցում, եթե մարդ են, եթե հասկանում են, Փաշինյանի տղեն գա պահակ նստի, մեր երեխեքը հանգիստ գնան դպրոց, կիմանան, որ անվտանգ են․․․»։
Հակոբ Ավետյանը ճանապարհը փակած գյուղացիներին հորդորեց բացել ճանապարհը, քանի որ զորքն այսօր հերթափոխ ունի, և մինչև վաղը կսպասեն Կառավարության արձագանքին․
«Եթե մինչև վաղը Կառավարությունը մեզ չարձագանքեց, ուրեմն ավելի վատ ձևով․ մենք չենք էլ քննարկելու իրենց հետ, ստիպված գալու են այստեղ․․․»։