Պետությանն այսքան վնաս պատճառեցին, այնինչ կարող էին ամեն ինչ օրենքով անել. Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենը՝ դատարանի որոշման մասին
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարան, և 2021թ. հուլիսի 19-ին դատարանը բավարարել էր թատրոնի աշխատողների հայցն ընդդեմ Խորեոգրաֆիայի պետական թատրոն ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ համարելով, որ աշխատողները չեն կարողացել կատարել աշխատանքները ոչ իրենց մեղքով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պահանջը ներկայացվել էր ոչ միայն աշխատողների 2 տարվա չվճարված աշխատավարձերի բռնագանձման մասով, այլ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով սկսած յուրաքանչյուր ամսվա չվճարված աշխատավարձի համար մինչև փաստացի վճարման օրը:
Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը՝ ասաց, որ համոզված էր՝ իրենց հայցը կբավարարվի, որովհետև պահանջն արդար էր:
«Պետությանն այսքան վնաս պատճառեցին, այնինչ կարող էին ամեն ինչ օրենքով անել, թողնել, որ ես հաշվետվություն ներկայացնեի: Չհասկացան, որ տարին պետք է փակեր նախորդ տնօրենը, հետո կարող էին մրցույթ հայտարարել, բերել իրենց ուզած տնօրենին: Իսկ հիմա ես՝ որպես աշխատող, մնացել եմ: Պատկերացեք, վերջնահաշվարկը չեն տվել, ու այժմ տույժ-տուգանքն էլ հետը՝ վճարելու են: Եվ այս ամենն ինչի՞ համար՝ իրենց կամայականության: Ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցին, այն դեպքում, որ մեռած թատրոնը ոտքի կանգնեցրեցինք»,- ասաց Գայանե Կարապետյանը:
Նրա փոխանցմամբ՝ անկախ ստեղծված իրավիճակից, թատրոնի 19 աշխատակիցներն իրենց գրպանի հաշվին գնացել են Աշոցք, Բերդ, որովհետև գիտեին՝ իրենց հետ կատարվածն ապօրինի է:
«Բարի կամքով գնացել, մեր գործունեությունը ծավալել ենք»,- նշեց նա:
Հավելենք, որ ավելի վաղ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենը հայց էր ներկայացրել դատարան՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:
Արդյունքում՝ դատարանն անվավեր էր ճանաչել մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)) տուգանել էին մոտ 850.000 դրամով ու չեղյալ համարել հրամանը: