«Ես նման տեղեկություն չունեմ». Ռուստամ Բադասյանը՝ ընդդիմադիր համայնքապետերին հեռանալու պահանջ ներկայացնելու մասին
Այսօր Կառավարության որոշմամբ ավելացվեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմը: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ թվակազմի ավելացումը համակարգ կբերի նոր մոտեցումներ՝ կստանան իրենց «երազանքների» դատարանը: Գործադիրի նիստից հետո լրագրողներն Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին հարցրին, թե ո՞րն է իրենց «երազանքների» դատարանը:
«Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում և կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հարցին, թե ե՞րբ են հեռացվելու այն դատավորները, որոնք խախտումներով են աշխատել, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանն իր ընտրողներին, Բադասյանն արձագանքեց, որ կան հարուցված կարգապահական վարույթներ, իսկ երբ դատավորը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության, ԲԴԽ-ի կայքում դա հրապարակվում է:
«ԲԴԽ որոշումներով եղել են դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր, մասնավորապես երկու դեպք է եղել, կան հարուցված բազմաթիվ կարգապահական վարույթներ, և ընդհանուր առմամբ դատաիրավական բարեփոխումներն ընթանում են և ընթանալու են, մինչև հասնենք մեր վերջնական նպատակին»,- ասաց Բադասյանը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դատական համակարգում պետք է հայտնվեն նոր դատավորներ:
«Դատավոր դառնալու փակ շղթան, այսինքն՝ համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու՝ գալ Դատական դեպարտամենտ, այդտեղից որոշ ժամանակ անց գնալ դառնալ դատավոր, ունենալ փոխկապակցվածություն դատական համակարգի ներսում, այդ փակ շղթան պետք է կոտրվի: Ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, մենք ապավինում ենք մեր քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքին: Մենք կարծում ենք, որ այդ փակ շղթայից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչներ պետք է հայտնվեն դատական համակարգում, կլինի դա մասնավոր ոլորտից, այլ պետական համակարգերից, և այդ փակ շղթան կոտրելով՝ մենք պետք է ապահովենք նոր մարդկանց մուտքը»,- ասաց Բադասյանը և նկատեց, որ այս որոշման առնչությամբ դատական համակարգում ներքին դիմադրություն և անգամ դրա պոտենցիալը չի տեսնում:
Լրագրողի հարցին, թե ի՞նքն է ներկայացնելու ՔՊ-ի շահերը ՍԴ-ում, որտեղ հուլիսի 9-ին քննելու են 4 քաղաքական ուժերի՝ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումները, Բադասյանը պատասխանեց.
«Այո, ես եմ լինելու ներկայացուցիչը և ոչ միայն ես: Ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա»:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարն առաջարկեց ընթերցել ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությունը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, և տրված գնահատականը համեմատել նախորդ տարիների ընտրությունների գնահատականների հետ: Հիշեցնենք, որ ընդդիմության ներկայացուցիչները թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրությունների օրվա ընթացքում դժգոհում էին ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի աշխատանքից՝ պնդելով, որ նրանք ուշադրություն չեն դարձնում այնպիսի հանգամանքների, որոնց մասին այլ պարագայում մի քանի հոդված կհրապարակեին:
Լրագրողի հարցին, թե Սահմանադրության մեջ որտե՞ղ է գրված, որ եթե համայնքապետն ընդդիմադիր քաղաքական ուժի հետ է մասնակցել ընտրություններին, ապա պետք է հեռանա, հրաժարական տա, Ռուստամ Բադասյանը պատասխանեց.
«Ոչ միայն Սահմանադրության մեջ, այլ նաև որևէ քաղաքականության մեջ Կառավարության նման բան չկա»:
Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են իր թիմակիցները նման պահանջ ներկայացնում, Բադասյանն արձագանքեց.
«Ես նման տեղեկություն չունեմ, կարծում եմ՝ Դուք ինֆորմացիան սխալ շեշտադրումներով եք ներկայացնում»:
Հանուն արդարության նշենք, որ նման մեսիջներ հնչել են ամենաբարձր մակարդակով, օրինակ՝ հուլիսի 1-ին աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են ՔՊ-ի ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը:
«Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ես այս դահլիճում ասել եմ, որ յուրաքանչյուրը, այդ թվում՝ պետական կառավարման համակարգում, պետք է ստանա շանս, հնարավորություն՝ դիրքավորվելու այն նոր քաղաքական իրողությունների նկատմամբ, որոնք ձևակերպվել են կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ որպես սիրո և համերաշխության հեղափոխություն: Ես հիմա այդպիսի բան չեմ ասում և ասում եմ՝ այլևս որևէ մեկը չունի շանս և ժամանակ դիրքավորվելու համար, որովհետև դիրքավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, և պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ: Հետևաբար, նրանք, ովքեր չեն հավատում, չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երևույթ է, և մենք դրան նույնպես նորմալ ենք վերաբերվում, հետևաբար, նրանք, ովքեր խնդիր ունեն այդ առումով, մենք նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ»,- ասել է Փաշինյանը: