Ինչպե՞ս կազդի զբոսաշրջության ակտիվացումը կորոնավիրուսի տարածման վրա
Աշխարհին սկսել է անհանգստացնել Covid 19-ի նոր՝ հնդկական շտամը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվանել է «Դելտա»: ԱՀԿ-ն հայտարարել է, որ այս շտամը դառնում է Covid 19-ի ամենատարածված տարբերակն ամբողջ աշխարհում: Հայաստանում այդ շտամը դեռ չի հայտնաբերվել, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այն մեծ տարածում ունի Ռուսաստանում, դեպքեր կան գրանցված նաև Վրաստանում: 168.am-ը բժիշկ, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանից հարցրեց, թե նոր շտամի դեմ արդյունավե՞տ են մեզ արդեն հայտնի պատվաստանյութերը:
«Կարծում եմ, որ եթե արհեստականորեն այնպես չեն արել, որ շտամը լրիվ տարբերվի, եթե շտամն արհեստական չէ, ապա պատվաստանյութերն էլ, բնական իմունիտետն էլ կպաշտպանեն: Ժամանակը ցույց կտա, հիմա դեռ դժվար է մեկնաբանել»,- ասաց Հովհաննիսյանը:
Կորոնավիրուսի նոր շտամը սկսել է տարածվել հենց այն ժամանակահատվածում, երբ մարդիկ ամենաշատն են մեկնում հանգստի: Բժշկից հարցրինք, թե ի՞նչ ազդեցություն կունենա զբոսաշրջությունը կորոնավիրուսի թվերի աճի վրա մեր երկրում:
«Դա կախված է մեր երկրում համաճարակի զարգացման էտապից, եթե մեզ մոտ արդեն բնակչության մեծ մասը վարակվել է, ինչքան էլ դրսից վիրուս գա, դա մեծ ազդեցություն չի թողնի, իսկ եթե մենք ունենք զգալի քանակի բնակչություն, որոնք դեռ չեն վարակվել, միգրացիոն հոսքերը կարող են մի փոքր ազդել այն առումով, որ կարող են տարբեր շտամներ բերել, և մեր բնակչության շրջանում տարածվեն տարբեր տեղերից եկած տարբեր շտամներ, որն ինչ-որ չափով կարող է դժվարություններ առաջացնել: Քանի որ մենք, ցավոք սրտի, այդքան մեծ ուսումնասիրություն և վերահսկողություն չենք կատարում, դժվար է ասել, թե մեր բնակչության ո՞ր մասն է հասցրել վարակվել, ապաքինվել, պատվաստված մարդկանց թիվը շատ փոքր է, դա չի կարող ազդեցություն ունենալ, հետևաբար՝ դժվար է ասել՝ կազդի՞, թե՞ չի ազդի, հիմք չկա: Կգնան, կգան, կարծում եմ՝ մեծ ազդեցություն չի թողնի, քանի որ հետազոտվում են մարդիկ, կամ պատվաստված են գնում»:
Իսկ կարո՞ղ են արդեն պատվաստված մարդիկ վիրուսի կրող և փոխանցող լինել:
«Տեսականորեն հնարավոր է, պատվաստանյութ արտադրողները տալիս են հնարավորություն, որ ինչ-որ տոկոսի դեպքում մարդիկ կարող են պատվաստված լինել և վարակվել, բայց հստակ տվյալ չկա, թե ինչքանո՞վ են այդ մարդիկ ակտիվ վարակիչ լինում: Տեսականորեն կարող է լինել, բայց դժվար»,- ասաց բժիշկ, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը: