Ով էր Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց առաջ
Նախընտրական այս խառնաշփոթի մեջ շատերը հավանաբար մոռացել են, թե ով էր Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց առաջ։ Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը մարդ էր, ով մեղադրում էր բոլորին՝ երկիրը թալանելու ու կործանելու, կոռուպցիայի ու կաշառակերության մեջ, խոստանում էր գալ իշխանության ու լուծել ժողովրդին հուզող բոլոր խնդիրները։ Եկավ և եղածն էլ քանդեց ու ոչնչացրեց։
Բայց դա բոլորովին չի կաշկանդում նրան նույն համառությամբ շարունակել իր սև գործը։
Այդքանից հետո, որքան էլ տարօրինակ է՝ հասարակության մեջ դեռ կան մարդիկ (թեև քիչ), ովքեր շարունակում են կուրորեն հավատալ ու վստահել նրան։ Կարևոր չէ, որ նրա իշխանության 3 տարիները ողբերգական են եղել երկրի ու ժողովրդի համար։
Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր լուծել բոլոր թալանչիների հարցերը և ժողովրդին վերադարձնել թալանված գումարները։ Սակայն այդպես էլ 3 տարվա ընթացքում ժողովուրդը չտեսավ թալանված գումարները։ Եթե նույնիսկ ինչ-որ գումարներ էլ վերադարձվեցին, ապա դրանք շրջանցեցին պետության գանձարանը։ Պետական բյուջեում այդպես էլ չերևացին այդ գումարները։ Պետությունը չստացավ այն միլիարդները, որոնց մասին տարիներ շարունակ խոսում էր Նիկոլ Փաշինյանն ու իշխանության գալուց առաջ խոստանում վերադարձնել ժողովրդին։
Մինչ մարդիկ հույս ունեին, որ թալանված գումարների հաշվին Նիկոլ Փաշինյանը փակելու է պետության պարտքերը, նա եկավ ու պարտքերն ավելի մեծ տեմպերով ավելացրեց։ Երեք տարում՝ 2 մլրդ դոլար։ Նման շռայլություն նույնիսկ նախկինները չէին կարող իրենց թույլ տալ։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել էր ժողովրդի վարչապետ, թույլ տվեց ու պետական պարտքը հասցրեց գրեթե 9 մլրդ դոլարի։
Պարտքի հաշվին էլ աշխատավարձ է տալիս ու պարգևավճարներ բաժանում։ Կարծես ուրիշները չէին կարող պարտք վերցնել ու աշխատավարձ բարձրացնել, սոցիալական ծախսեր կատարել, թոշակներն ու նպաստներն ավելացնել։ Սպասում էին, որ ինքը գար ու աներ։
Այսօրվա առատ պարտքերի ու նախընտրական շռայլ ծախսերի բեռը վաղը ժողովուրդն է կրելու։ Այն ժողովուրդը, որը հույս ուներ, թե Նիկոլ Փաշինյանը գալու է ու լուծի իր խնդիրները։
Նիկոլ Փաշինյանը եկավ, բայց ոչ միայն չլուծեց այդ խնդիրները, այլև ավելի խորացրեց։ Խոսքը միայն սոցիալական խնդիրների մասին չէ։ Խնդիրներն այսօր շատ ավելի լուրջ են։
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գործող բարձր գների մեղավորը համարում էր մենաշնորհների գոյությունը։ Վարչապետ դառնալուց հետո հայտարարեց, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան, շուկաներն ազատ են բոլորի համար, մարդիկ կարող են ցանկացած ապրանք գնել և վաճառել։ Թվում էր, թե դրանից հետո գները պիտի իջնեին։ Բայց այդպես էլ չիջան։ Հիմա արդեն մարդիկ գնաճի հետևից նույնիսկ չեն հասցնում։
Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը խոսում է հանրային ծառայությունների ոլորտում գոյություն ունեցող թալանի ու արհեստական գնագոյացման մասին։ Եվ ոչ միայն խոսում էր, այլև խոստանում գալ ու վերադարձնել թալանը, նվազեցնել դրա հետևանքով ձևավորվող բարձր սակագները։
Եվ ի՞նչ արեց այսքան տարի։ Հանրային ծառայությունների ոլորտում ոչ միայն չարաշահումների ու թալանի որևէ դեպք չբացահայտվեց, այլև այդպես էլ չտեսանք խոստացված սակագների նվազեցումը։ Ընդհակառակը՝ դրանք բարձրացան ու առաջիկայում սպասում են հերթական բարձրացմանը։
Խոսքն ինչպես՝ գազի, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի սակագների մասին է։
Սպասվում է, որ ընտրություններից անմիջապես հետո այդ հարցը վերադառնալու է օրակարգ։
Մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն բարձրացնում էր գնաճի ու մարդկանց ցածր եկամուտների խնդիրը, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարություններ էր անում, մեղադրում իշխանություններին իրական գնաճը ժողովրդից թաքցնելու ու խաբելու համար։ Դեռ անցած տարվա վերջից Հայաստանում գնաճը դուրս է եկել բոլոր սահմաններից, բայց վարչապետի կամ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը այլևս մոռացել է, թե ինչեր էր ասում ժամանակին։ Մի բան էլ փորձում է տպավորություն ստեղծել, որ մարդկանց եկամուտներն ավելի շատ են աճել, քան գնաճն է։ Կարևոր չէ, որ երկրում խորացել է աղքատությունը։
Եթե մինչև Նիկոլ Փաշինյանը դեռ որոշակի հույսեր կային, որ պետությունն ինչ-որ բան կանի աշխատատեղեր բացելու և մարդկանց աշխատանքով ապահովելու համար, Նիկոլ Փաշինյանը եկավ ու սահուն իր վրայից գցեց մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը։ Դա այլևս դարձավ ոչ թե իշխանության, այլ քաղաքացու հոգսը։
Զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության 3 տարիներին Հայաստանում գրեթե նոր աշխատատեղեր չբացվեցին։ Եթե նույնիսկ բացվեցին, ապա շատ քիչ։ Իշխանությունները ձեռքերը լվացին ու մի կողմ քաշվեցին։
Երեք տարում տնտեսության մեջ որևէ նշանակալի ներդրումային ծրագիր չիրականացվեց։ Մի քանի փոքր արտադրություններ բացվեցին, բայց շատ արագ փակվեցին։
Ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն թույլ տալ հայտարարել, որ Հայաստանը դրախտ է տնտեսական գործունեության իրականացնելու համար։ Սա ուղղակի զավեշտ է։ Նման հայտարարությունները կապ չունեն իրականության հետ։ Վկան՝ ներդրումային աղետալի վիճակը։
Դժվար է մոռանալ, թե նա ինչպիսի ներդրումային հեղեղ էր խոստանում Հայաստանի տնտեսությանը մինչև վարչապետ դառնալը։ Տնտեսությունը պիտի թռիչքներով աճեր ու հեղափոխական զարգացում ունենար։ Բայց տեսանք, որ այդ բոլորը հեքիաթ էր, իրականությունից կտրված ու տնտեսությունից ոչինչ չհասկացող մարդու զառանցանք։
Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել, արել է` պետության հաշվին չեղարկել է կարգազանց վարորդների տուգանքները, ներել է ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները։ Թեև դրանից ո՛չ հասարակության սոցիալական վիճակն է լավացել, և ո՛չ էլ պարտքերն են պակասել։ Մի բան էլ ավելացել են։ Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վարկերի տակ են ու դրանք փակելու խնդիր ունեն։ Սպառողական վարկեր ունեցողների գրեթե 20 տոկոսը չի կարողանում դրանք վերադարձնել։
Սա սարսափելի բարձր ցուցանիշ է, ինչը վկայում է մեր հասարակության սոցիալական անմխիթար վիճակի մասին։ Միայն անցած տարի բանկերի չաշխատող սպառողական վարկերը կրկնապատկվել են։
Իհարկե, սա չէր, որ հասարակությունն ակնկալում էր Նիկոլ Փաշինյանից։ Բայց ունեցանք այն, ինչ ունեցանք։
Ժամանակը ցույց տվեց, որ ժողովրդի անունից տեղի-անտեղի խոսելուց բացի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չկարողացավ ոչինչ անել ժողովրդի համար։ Այսօր ժողովուրդը ավելի աղքատ է ու ընկճված։ Կարծում էին, թե Նիկոլ Փաշինյանը գալու է ու իրականացնի լուսավոր ապագայի վերաբերյալ իրենց երազանքները։ Բայց Նիկոլ Փաշինյանը խորտակեց ոչ միայն այդ երազանքները, այլև ապագայի հույսերը։ Ու այդքանից հետո անգամ մտադիր չէ անցնցում հեռանալ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ