Չընտրություն․ հունիսի 20-ի միակ ելքը
Երեկ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ 12 օր շարունակ պետությունն ու հասարակությունն ապրելու են նախընտրական աղմուկի պայմաններում։ Կուսակցություններն ու դրանց ցուցակների թեկնածուները ներկայացնելու են նախընտրական ծրագրեր, գովելու են յուրայիններին ու հայհոյելու են հակառակորդներին, հիստերիան, հատկապես մասնակիցներից մեկով՝ Նիկոլ Փաշինյանով պայմանավորված՝ հասնելու է գագաթնակետին։
Նախընտրական այս աղմուկն ընտրողին, քաղաքացուն հեռացնելու է գիտակցված, սթափ ընտրություն կատարելու հնարավորությունից, քանի որ քարոզչական ղալմաղալում առաջին պլան են մղվելու զգացմունքները, պաշտամունքն ու ատելությունը, հիացմունքն ու զզվանքը։ Աղմուկը բազմապատկելու է ընտրողների այդ՝ ոչ գիտացական մղումները։
Նախընտրական քարոզարշավները ցանկացած երկրում ընտրությունների անբաժանելի մասն են, առանց դրա ուղղակի հնարավոր չէ։ Բայց դա տեղին է սովորական երկրի սովորական պայմանների պարագային։ Իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, իրականում պահանջում է ոչ թե նախընտրական աղմուկ, այլ լռություն։ Որովհետև իրականում այս միջոցառումը պետության ու հասարակության համար դրական ելք կարող է ունենալ ոչ թե ընտրության, այլ չընտրության պարագայում։ Չընտրություն՝ այս դեպքում նշանակում է՝ մասնակցել ընտրություններին և լռության մեջ գիտակցել սեփական ձայնի կարևորությունը և չընտրե՛լ արհավիրքը:
Լայն իմաստով, հասարակության խնդիրն է՝ ոչ թե ընտրել շուրջ երեք տասնյակ ուժերից որևէ մեկին, այլ չընտրել նրանցից հատկապես մեկին, ում պատճառով Արցախն ու Հայաստանը հայտնվել են այս աղետի մեջ։ Եվ եթե ընտրության համար կարևոր է նախընտրական աղմուկն ու, օրինակ, ծրագրերի ներկայացումը, ապա չընտրության պարագային շատ ավելի օգտակար է լռությունը, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով լռությունը։ Միայն լռությունը մարդկանց հնարավորություն կտա միայնակ մնալ սեփական խղճի հետ և գիտակցել չընտրության կարևորությունը։ Միայն լռության պայմաններում մարդիկ կարող են մտովի հիշել կորսված Արցախի քարտեզն ու 5000 հայորդիների դեմքերը, ովքեր զոհվեցին նաև այս ընտրություններում ամենաբարձր բղավողի մեղքով։
Ահա միայն լռությունը հնարավորություն կտա մարդկանց փակել ունկերն ու աչքերը՝ չլսելու համար այդ արյունալի ձայնը ու չտեսնելու համար այդ հայասպան դեմքը։
Ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի խնդիրն իրականում պետք է լինի հենց այդ լռության ու ընտրողներին իրենց խղճի հետ միայնակ մնալու հնարավորության ապահովումը։ Այդ խնդիրը չի լուծելու որևէ նախընտրական ծրագիր ու որևէ նախընտրական խոստում, որովհետև ծրագրերն ու խոստումները չեն կարող ընտրողներին ստիպել վերապրել ցավն այնպես ու այնքան, որ գոնե չընտրությամբ պատասխանատվության ենթարկեն դրա ուղղակի և անուղղակի հեղինակին։
Հունիսի 20-ի ընտրությունը չի լինելու մտքի, ծրագրերի ու գաղափարների ընտրություն։ Այն լինելու է առավելապես կորստի ու ցավի ընտրություն, որը կարող է հաղթահարվել միայն չընտրությամբ։ Իսկ դրա համար նախընտրական այս աղմուկի մեջ անհրաժեշտ է լռություն՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։