Փաշինյանի նվերը Ծառուկյանին․ պատասխան կենացը՝ հունիսի 21-ին

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար սահմանել 14 հազար դրամ, իսկ կլինկերի 1 տոննայի ներմուծման համար՝ 2 հազար դրամ պետական տուրք:

«Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիայի նպատակ, նույնիսկ չենք էլ դիտարկում, մենք գնում ենք հաղթելու, և մենք ենք ձևավորելու իշխանություն»,- հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն հետընտրական կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» հետ։

Առաջին հայացքից իրար հետ որևէ աղերս չունեցող այս տեղեկություններն իրականում կապված են դիալեկտիկական, օրգանական կապով։ ԱԺ ընդունած օրենքի նախագիծն այն հայտնի օրինագիծն է, որը ստիպել էր Հայաստանում ցեմենտի արտադրության գրեթե մենաշնորհատեր Գագիկ Ծառուկյանին հակադրության մեջ մտնել իշխանության հետ։ Առաջին հերթին իր բիզնեսի շահից բխող, ներմուծվող ցեմենտի վրա հավելյալ տուրք սահմանող այդ օրինագիծը մեկուկես տարի առաջ չընդունվեց, ինչը հարուցել էր Գագիկ Ծառուկյանի համապատասխան զայրույթը։

Բայց հիմա նախընտրական շրջան է, և իշխանությունը, ինչպես մյուսները, զբաղված է նախընտրական ուղղակի և անուղղակի ընտրակաշառքներով։ Ահա ընտրությունների նախօրեին այս օրինագիծն ընդունելով, այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի եկամուտներն էականորեն ավելացնելու հնարավորություն տալով, Նիկոլ Փաշինյանը  նախընտրական նվեր է ընծայում ԲՀԿ նախագահին, բնականաբար, ակնկալելով վերջինիս համապատասխան արձագանքը, ինչի արտահայտությունն է Աբովյանի կարճ հայտարարությունը։

Այսօր քաղաքական դաշտը հստակ բաժանված է երկու խմբի՝ ընտրությունների մասնակից հիմնական դերակատարները՝ «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքները, անգամ փոքր մի քանի կուսակցություններ հստակ հայտարարել են, որ որևէ պարագայում դաշինք չեն կազմի Նիկոլ Փաշինյանի հետ։

Մյուսները կամ հրաժարվում են այդ հարցին պատասխանել, կամ չեն էլ թաքցնում Նիկոլ Փաշինյանի հետ դաշնակցելու պատրաստակամությունը։ Այդ ֆոնին Արման Աբովյանի լղոզված հայտարարությունն իրականում հաղորդում է այն մասին, որ իրենք, մեղմ ասած, փակ չեն Փաշինյանի կուսակցության հետ կոալիցիա կազմելու առաջարկի պարագային, և եթե Նիկոլ Փաշինյանը լավ պայմաններ ներկայացնի, կարող են նաև դաշնակցել։ «Մենք մեր առջև չենք դնում ոչ մի կոալիցիաների նպատակ, դա նույնիսկ չենք էլ դիտարկում, մենք գնալու ենք հաղթելու և մենք հաղթելու ենք և ձևավորենք իշխանություն»,- ասել է Արման Աբովյանը:

Սա այն է, ինչն օդ ու ջրի պես անհրաժեշտ է ամեն օրվա հետ իշխանության պահպանման հույսը կորցնող Նիկոլ Փաշինյանին։ Նրան կենսականորեն պետք է քիչ թե շատ ազդեցիկ որևէ ուժ, որը պատրաստ կլինի իր կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) հետ անարժանապատիվ կոալիցիա կազմելու քայլին։ ԲՀԿ-ն, փաստորեն, պատրաստ է, չբացառելով տեղեկացնում է այդ մասին, մնացածն առևտրի հարց է։

Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը խիստ շահագրգիռ է լինելու ոչ միայն սեփական ՔՊ-ի համար տոկոսներ ապահովելու, այլ նաև ԲՀԿ-ի ներկայանալի անցումը խորհրդարան կազմակերպելու հարցում։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է աչք փակել բոլոր այն մեթոդների կիրառման վրա, որով ավանդաբար ԲՀԿ-ն անցել է խորհրդարան՝ տուկի թելից մինչև պարարտանյութ ու  կանխիկ ընտրակաշառք։

ԱԺ-ի ընդունած օրինագծով Նիկոլ Փաշինյանն իր «մեծահոգի» քայլն է կատարել Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ։ Պատասխան կենացը կհնչի հունիսի 21-ին։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս