Ավետ Ադոնցն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին և ներկայացրել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերը

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մայիսի 21-ին ընդունել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին (Իռլանդիա), ով զեկույցի նախապատրաստական շրջանում Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ:

Ավետ Ադոնցը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: ԱԳ նախարարի տեղակալը նաև կարևորել է միջազգային կառույցների՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների մուտքն Արցախ, որը, սակայն, հնարավոր չի լինում իրականացնել Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատճառով:

Երկուստեք ընդգծվել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, անընդունելի է համարվել Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները չկատարելու և վերջինիս հետ չհամագործակցելու հանգամանքը:

Ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` Ավետ Ադոնցն անթույլատրելի է համարել միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

Տեսանյութեր

Լրահոս